Օգոստոսի 3-ին համացանցում տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ ռուս զինվորականները տեղակայվել են Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրում։
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Երեկ՝ օգոստոսի 3-ին Ոսկեպար են եկել ռուս զինվորականներ՝ այնտեղ խաղաղապահ ուղեկալ տեղադրելու համար; Ադրբեջանցիները իրենց սոցիալական ցանցերում լայնորեն տարածում են Տավուշում նախկինում ադրբեջանաբնակ անկլավների քարտեզը։ Ապագան չգիտեմ ոնց, բայց անկլավները Ադրբեջանին հանձնելու վտանգ կա»։
Այսօր արդեն լրագրողն ահազանգում է. «Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ գյուղի տներից մեկում արդեն տեղակայվում են ռուս խաղաղապահներ։ Նրանց թիվը բավական մեծ է։ Նրանք հայտնել են, թե իրենք մոնիտորինգ են իրականացնելու, հետեւելու հրադադարի ռեժիմի պահպանմանը։ Սահմանի այդ հատվածում վերջին տարիներին հրադադարի ռեժիմի մեծ խախտումներ չեն եղել։ Հայտնի չէ, թե ինչ փաստաթղթի հենքով, իրավական ի՞նչ հիմնավորմամբ են ռուս խաղաղապահները Ոսկեպարում»։
Օգոստոսի 3-ին Infocom-ը կապ հաստատեց Նոյեմբերյանի համայնքապետի տեղակալ Խաչիկ Գիշյանի հետ, որի խոսքով՝ համայնքապետարանը նման տեղեկություն չունի, իրենց այդ հարցով չեն դիմել։
Իսկ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը որեւէ կերպ չէր մեկնաբանել շրջանառվող լուրերը՝ առաջարկելով դիմել գրավոր։
Նույնաբովանդակ տեղեկություններ տարածվում են այսօր․ լուրերը հաստատեցին նաեւ Infocom-ի մի քանի աղբյուրներ, ուստի փորձեցինք մեկնաբանություն ստանալ իրավասու մարմիններից։ Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, որ համայնքանպետարանում այդպիսի տեղեկություն չունեն։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունները՝ Infocom-ի հարցերին ի պատասխան՝ ուղղորդելով պաշտպանական գերատեսչություն։
Սակայն ՊՆ եւ ԳՇ խոսնակներին կատարած մեր զանգերն այսօր անպատասխան մնացին, իսկ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը նորից առաջարկեց հարցերն ուղղել գրավոր։ Սա այն պարագայում, երբ վերջին շրջանում ՊՆ ուղարկած մեր՝ տասնյակի հասնող հարցումները որեւէ պատասխան չեն ստացել՝ չնայած անցել է դրանց պատասխանի համար օրենքով սահմանված ժամկետը։
Նշենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման ցանկության մասին:
Չի բացառվում, որ ուղեկալի տեղադրումը Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին, զուտ նախանշան է Վերին Ոսկեպար (Յուխարի Աքսիպարա) գյուղի հանձնման, որի դեպքում Տավուշի մարզի շատ գյուղեր հայտնվելու են թշնամուն դեմ դիմաց:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակվեց եռակողմ հայտարարությունը, որն առավոտյան արդեն փոխվեց. խմբագրվել էին Հայտարարության 2-րդ, 6-րդ և 9-րդ կետերը:
Հրապարակված հայտարարության 2-րդ կետը սահմանված էր հետևյալ կերպ.
«....2. Աղդամի շրջանը, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի այն տարածքները /Տավուշին սահմանակից շրջան - նշումն իմն է/, որոնք պահվում են Հայաստանի Հանրապետության կողմից, վերադարձվում են Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020թ-ի նոյեմբերի 20-ը...»:
Այնուհետև, արդեն նոյեմբերի 10-ի ցերեկը հայտարարության տեքստը փոփոխվել է ու խմբագրվել հետևյալ կերպ.
«2. Աղդամի շրջանը վերադարձվում է Անդրաբեջանի Հանրապետությանը մինչև 2020թ-ի նոյեմբերի 20-ը»:
Ներկայացված լուսանկարն արվել է այսօր Տավուշի մարզի Ոսկեպարում գյուղում. Ռուս զինվորականները տեղակայվել են հայի լքված տանը, հեռվում սահմանային հայկական եկեղեցին է: