17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
«Չի կարող իշխանության կողմից ստեղծվել հանձնաժողով, որը կքննի հենց այդ իշխանության գործունեությունը: Մենք գտնում ենք, որ այդ հանձնաժողովը պետք է լինի լիարժեք անկախ, ինքնուրույն, որպեսզի իրականացնի համակողմանի և ամբողջական ուսումնասիրություն, հակառակ պարագայում դա կլինի հերթական ձևական քայլը…»,- ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրառառնալով Արցախի հարցերով հանձնաժողովի ստեղծմանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այդ հանձնաժողովը բազմաթիվ հարցերի պատասխան է տալու, ընդ որում, ոչ միայն պատերազմի շրջանում կատարված, այլև՝ դրանից առաջ և հետո.
«Մենք մեծապես կարևորում ենք, թե ի՞նչ կարող էր անել իշխանությունն այդ պատերազմը կանխելու համար, որ չի կանխել, արդյոք կանխատեսո՞ւմ էին պատերազմ, թե՞ ոչ, եթե կանխատեսում էին, ապա ինչո՞ւ չէին պատրաստվում: Մի բան հիշեցնեմ, որքան գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցի էր և այդ հարցազրույցի անոնսից հետո հարցազրույցը եթեր չգնաց: Արդյոք ինքն այդ օրը գիտեր, որ 2 օր հետո լինելու է պատերազմ, շատ կոնկրետ հարց եմ տալիս: Ինչո՞ւ այդ հարցազրույցը եթեր չգնաց, որովհետև ինքն այդտեղ պետք է խոսեր՝ համենայն դեպս, հարցազրույցի անոնսի մեջ կար, որ պետք է խոսեր հայ-ադրբեջանական հարաբերություններից ու պատասխաներ Ալիևին: Նման բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն այս իշխանությունը պետք է տա: Մենք համարում ենք, որ այս պատերազմի արդյունքների մեղավորը և պատասխանատուն այսօրվա իշխանությունն է…»:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկո՞ւմ եք խորհրդարանի ձեր աշխատանքները, թե՞ ոչ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Այո, մեր աշխատանքների հետ կապված պարբերաբար քննարկումներ ունենում ենք ոչ միայն խորհրդարանում, այլև խորհրդարանից դուրս…»,- ասաց Սաղաթելյանը, ապա հավելեց, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը նորմալ է գնահատում խորհրդարանում իրենց աշխատանքը, և, որ իրենք առաջնորդվում են իրենց օրակարգով, այլ ոչ թե իշխանության: