կարևոր
2950 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-05 14:17

ԱԺ մեծամասնությունը կրկին տապալեց Իշխան Սաղաթելյանի ընտրությունը

ԱԺ մեծամասնությունը կրկին տապալեց Իշխան Սաղաթելյանի ընտրությունը

Հենց նոր տեղեկացանք, որ երկրորդ անգամ կազմակերպված քվարկությունը ԱԺ մեծամասնությունը կրկին տապալել է։ Այս անգամ արձանագրվել է 49 կողմ եւ 5 անվավեր քվեաթերթիկ։

Այսօր ավելի վաղ կազմակերպված ընտրությանը կողմ էր քվեարկել 53, դեմ` 50 պատգամավոր: ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրության համար անհրաժեշտ էր նվազագույնը 54 ձայն: Ինչպես իր խոսքում, պատասխանելով ՔՊ պատգամավոր Ալեքսանյանի հարցին, Իշխան Սաղաթելյանը նշեց. «Հայաստան» խմբակցության մեկ պատգամավոր այսօր հարգելի պատճառով բացակա է, և այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչ քվեարկությունը տեղյակ է եղել: 

Հավելենք նաև, որ «Հայաստան» խմբակցության երկու պատգամավոր՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը կալանավորված են, և ըստ էության զրկված էին ընտրվելու և ընտրելու իրավունքից: 

Սեյրան Օհանյանն ասաց, որ խմբակցության՝ այսօր խորհրդարանում ներկա բոլոր 26 պատգամավորն էլ մասնակցել է քվեարկությանը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կրկին ԱԺ տեղակալի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: 

Այսօր արդեն չորրորդ օրն է նորընտիր Ազգային ժողովը շարունակում է ձևավորել նախագահություն: Երեկ հերթը ՀՀ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված ԱԺ նախագահի տեղակալի ընտրությանն էր:

«Հայաստան» խմբակցությունն առաջադրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որի թեկնածությանը միացել է նաև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

 Ինչպես իր ելույթում նշեց Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ փոխնախագահի մեկ տեղն ընդդիմությանն է վերապահված ՀՀ Սահմանադրությամբ: 

«Իմ թեկնածության առաջադրումը ոչ թե իշխանության հետ քաղաքական համաձայնությունների և կուլիսային պայմանավորվածույթունների արդյունք է, այլ մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության 104-րդ հոդվածով սահմանված նորմ, համաձայն որի Աժ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ Սա քաղաքական համակարգի փոխզսպումների, հակակշիռների,  ընդդիմության քաղաքական իրավունքների ապահովման և իրացման հիմնական պահանջներից է։

2015 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում քաղաքական ընդդիմությանը վերապահվեցին խորհրդարանական մի շարք կարևոր լիազորություններ, որոնք ժողովրդավարական պետության՝ քաղաքական համակարգում հավասարակշռության ապահովման կարևոր գործոն են։ Այն անհրաժեշտ է երկրի  ժողովրդավարության,  նրա կայունության և միջազգային վարկանիշի համար։ Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական պահանջ է և ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության նախասիրությունից կամ քմահաճույքից», ասաց Սաղաթելյանը, ապա հավելեց, որ ընդդիմության տեսլականն է՝ կերտել լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-կենսական շահերը, իսկ պայքարն անփոփոխ է.