կարևոր
1612 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-05 13:37

Դուք ժամանակին երազել եք դառնալ հանրապետականից պատգամավոր, դա չի ստացվել, բայց բավական հեշտ ստացվել է ՔՊ-ով․ Մամիջանյանը՝ Պապոյանին

Երեք օր շարունակ խախտված սուվերենությամբ երկրի պառլամենտում մենք ստիպված ենք հակադարձել որոշ գործիչների ասածների: Այս մասին Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

«Սկսենք առաջին կետից՝ պարոն Պապոյան, հետագայում, երբ փորձեր կատարեք ինձ հակադարձելու, անվանական դիմեք, դա վախենալու չէ: Ես վստահ եմ, որ դուք Հանրապետականի կրծքանշանն ու ձեր դուխով կեպկան իրար կողքի մի տեղ պահել եք, որ երբ ժամանակը գա, հետ հանրապետականինը հագնեք, որը մենք ձեզ թույլ չենք տա, բայց անվանական դիմեք, որևէ խնդիր չկա:

Երկրորդը՝ եկեք փաստենք, որ պարոն Պապոյանը համաձայնեց իմ ելույթի ողջ հատվածին, մասնավորապես ինձ ամենաշատը հետաքրքրում է 190 մլն դոլարանոց սելֆին, ու հակադարձեց միայն այն հատվածին, որը վերաբերվում էր իր անձին։ Հիմա ձեր անձի մասին՝ այո՛ հանրապետականը ունի հոյակապ կադրային ներուժ, և պարոն Աշոտյանը միանշանակ մտնում է դրա մեջ։ Ես ուզում եմ հիշեցնել այն ժամանակերը, երբ դուք ՀՊՏՀ-ում հերթ էիք կանգնած, որ սեղմեիք Արմեն Աշոտյանի ձեռքը, լուսանկարները, թե դուք ինչ հպարտությամբ էիք կրում հանրապետականի զինանշանը, ի դեպ այդ զինանշանը այդպես էլ պետք է կրել, կամ համացանցում եթե ժամանակ ունենամ ու չափսոսեմ իմ ֆեյսբուքյան էջը, այսօր կհրապարակեմ։

Դուք ի՞նչ եք ուզում դառնալ, պարոն Պապոյան, մարդ, որը հանձնե՞լ է Արցախի 75%-ը, մարդ, որը 5000 զոհի պատճա՞ռ է դարձել, Ձեր տված պաշտոնականով՝ 4000։ 

Ուզում եք դառնալ մարդ, որը խախտել է մեր սահմանների անվտանգությո՞ւնը, մարդ, որը մուրում է խաղաղությո՞ւն։ Եթե դա եք ուզում դառնալ, որևէ խնդիր չկա։ Նաև փաստեմ հետևյալը, որ Դուք ժամանակին երազել եք դառնալ հանրապետականից պատգամավոր, դա չի ստացվել, բայց բավական հեշտ ստացվել է ՔՊ-ով»։ 

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում: