կարևոր
571 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 12:02

Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ․ «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրում է նրան

Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ․ «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրում է նրան

Իշխան Սաղաթելյանի ընտրությունը չկայացավ: Ընտրությանը կողմ էր քվեարկել 53, դեմ` 50 պատգամավոր: ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրության համար անհրաժեշտ էր նվազագույնը 54 ձայն: Ինչպես իր խոսքում, պատասխանելով ՔՊ պատգամավոր Ալեքսանյանի հարցին, Իշխան Սաղաթելյանը նշեց. «Հայաստան» խմբակցության մեկ պատգամավոր այսօր հարգելի պատճառով բացակա է, և այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչ քվեարկությունը տեղյակ է եղել: 

Հավելենք նաև, որ «Հայաստան» խմբակցության երկու պատգամավոր՝ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը կալանավորված են, և ըստ էության զրկված էին ընտրվելու և ընտրելու իրավունքից: 

Սեյրան Օհանյանն ասաց, որ խմբակցության՝ այսօր խորհրդարանում ներկա բոլոր 26 պատգամավորն էլ մասնակցել է քվեարկությանը: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կրկին ԱԺ տեղակալի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: 

Այսօր արդեն չորրորդ օրն է նորընտիր Ազգային ժողովը շարունակում է ձևավորել նախագահություն: Երեկ հերթը ՀՀ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված ԱԺ նախագահի տեղակալի ընտրությանն էր:

«Հայաստան» խմբակցությունն առաջադրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որի թեկնածությանը միացել է նաև ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը:

 Ինչպես իր ելույթում նշեց Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ փոխնախագահի մեկ տեղն ընդդիմությանն է վերապահված ՀՀ Սահմանադրությամբ: 

«Իմ թեկնածության առաջադրումը ոչ թե իշխանության հետ քաղաքական համաձայնությունների և կուլիսային պայմանավորվածույթունների արդյունք է, այլ մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության 104-րդ հոդվածով սահմանված նորմ, համաձայն որի Աժ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից։ Սա քաղաքական համակարգի փոխզսպումների, հակակշիռների,  ընդդիմության քաղաքական իրավունքների ապահովման և իրացման հիմնական պահանջներից է։

2015 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում քաղաքական ընդդիմությանը վերապահվեցին խորհրդարանական մի շարք կարևոր լիազորություններ, որոնք ժողովրդավարական պետության՝ քաղաքական համակարգում հավասարակշռության ապահովման կարևոր գործոն են։ Այն անհրաժեշտ է երկրի  ժողովրդավարության,  նրա կայունության և միջազգային վարկանիշի համար։ Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական պահանջ է և ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության նախասիրությունից կամ քմահաճույքից», ասաց Սաղաթելյանը, ապա հավելեց, որ ընդդիմության տեսլականն է՝ կերտել լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-կենսական շահերը, իսկ պայքարն անփոփոխ է.

«2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, ըստ էության, չհանգուցալուծեց համակարգային ճգնաժամը։ Այն նորանոր դրսևորումներ է ստանում՝ սպառնալով պետականության գոյությանը: Վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Ես շարունակում եմ պնդել, որ այս իշխանությունն անկարող է լուծել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ուստի այս իշխանության հետ ապագա չկա»:  

Այսօր Իշխան Սաղաթելյանի եզրափակիչ ելույթից հետո ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ իշխող խմբակցությունը կապահովի անհրաժեշտ ձայները. «ապահովելով օրենքով սահմանված հնարավորությունները՝ կառավարող  խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը՝ ապահովելով անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որպեսզի պարոն Իշխան Սաղաթելյանն ընտրվի»: 

Այնուհանդերձ այստեղ էլ խոսքը գործին չհասավ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուներ Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանն ընտրվել են Ազգային ժողովի փոխնախագահներ: Երկու քվեարկությանը ընդդիմությունը չի մասնկացել: