կարևոր
4645 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-05 11:09

Իշխան Սաղաթելյանն ԱԺ դահլիճում բարձրաձայնեց ՀՅ Դաշնակցության երդումը՝ կյանքի գնով անգամ ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ազգային ժողովում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը եզրափակիչ խոսքում անդրադարձավ իշխանական պատգամավարոների հարցադրումներին: Նախ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցին անդրադառնալով՝ նշեց. խորը հարգանք ունենք եզդի ժողովրդի հանդեպ և համագործակցության հարուստ պատմություն. Գնահատանքի և խոնարհումի է արժանի եզդի ժողովրդի մասնակցությունը վերջին երկու պատերազմներին: Սաղաթելյանը տեղեկացրեց, որ համագործակցության և համատեղ աշխատանքի վերաբերյալ մեծ տեղեկանք են նախապատրաստել:  

Անդրադառնալով իր կողմից իրականացված գիտական աշխատանքի վերաբերյալ հարցին՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մեկ տարի աշխատել է Ազգային արխիվում գիտաշխատող, ունի  հրապարակված գիտական հոդվածներ, որոնք կարող են օգտակար լինել։ 

Այնուհետև Սաղաթելյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյոք նա պատգամավորի երդումը տվե՞լ է․

«21 տարի առաջ, երբ ես որոշում կայացրի անդամագրվել Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, ես ադ ժամանակ կատարել եմ իմ կյանքի ամենակարևոր երդումը։ Երդվել եմ պատվովս և հայրենիքովս, իմ բոլոր ուժերով, եթե հարկ լինի նաև կյանքիս գնով ծառայել Հայաստանի և հայ ժողովրդի ազատագրության դատին։ Սա է իմ քաղաքական գործունեության մեկնարկը և ուղենիշը»։

Ապա դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը՝ նշեց, որ մի քանի օր այս դահլիճում հնչած համագործակցության, կառուցողական լինելու կոչերը իրական չեն, խոսքը և գործը չեն համապատասխանում․

«Ձեր իշխանության հիմքում դրված է պառակտումը, ատելության խոսքի տարածումը, և երեք տարի դուք դա հետևողական իրականացրել եք։

Պատգամավորներից մեկն ասեց, որ Ազգային ժողովի ամբիոնը սրբատեղի է։ Էդ ո՞ր օրվանից է Ազգային ժողովի ամբիոնը սրբատեղի, իմ համար սրբատեղի է Շուշիի «Սուրբ Ղազանչեցոց» եկեղեցին, որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին, իմ համար սրբատեղի է Դադիվանքը, որ այսօր թուրքի հսկողության տակ է։ Այս ամբիոնն իր համար սրբատեղի չէ»,-ասաց նա, նշելով՝ «այս ամբիոնն իմ համար դիմակներ պատռելու, ՀՀ քաղաքացիներին իրականությունն ասելու ու չստացված հարցերի պատասխանը ստանալու ամբիոն է»։