կարևոր
11884 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 22:29

Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ

  
Ավարտվեց Ազգային ժողովի այսօրվա հերթական նիստը, ընդդիմությանը վերապահված Աժ փոխնախագահը դեռ չընտրվեց: Ընտրության հարցով գաղտնի քվեարկությունը կկայանա վաղը՝ օգոստոսի 5-ին:

Ազգային ժողովի երրորդ փոխնախագահի պաշտոնում ընդդիմությունը միասնաբար «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունն էր առաջադրել:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իր թեկնածության առաջադրումը ոչ պաշտոնի ձգտում է, ոչ էլ իշխանության հետ կուլիսային պայմանավորվածությունների արդյունք, այլ՝ ընդդիմության իրավունքների ապահովման պահանջ, քանի որ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը Սահմանադրական պահանջ է՝ անկախ քաղաքական մեծամասնության նախասիրություններից եւ քմահաճույքներից:

Ընտրվելու դեպքում, հավաստիացնում է, ամեն ինչ անելու է ընդդիմության իրավունքները պաշտպանելու, հնարավոր վտանգներին հակազդելու, փոխնախագահի պաշտոնից բխող իր բոլոր լիազորությունները լիարժեք կատարելու՝ այդ թվում՝ Սփյուռքի կառույցների հետ աշխատանքի նոր մակարդակի ամրագրում: Այս պաշտոնն, ասում է, ընդդիմության համար լրացուցիչ գործիք է իշխանության դեմ պայքարն իր նպատակակետին հասցնելու համար:

Հիշեցնենք՝ կայացած նիստի ընթացքում ավելի վաղ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 71 պատգամավոր. ընդդիմությունը չմասնակցեց այդ քվեարկությանը: նախօրեին փոխնախագահի մյուս պաշտոնում ընտրվել էր Ռուբեն Ռուբինյանը:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։