Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել են 2021թ. 1-ին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում արձանագրված՝ ավտոմեքենաներից կատարված հափշտակության դեպքերը, ինչի արդյունքում պարզվել է, որ քննարկվող ժամանակահատվածում կատարվել է գողության 12 դեպք, որոնց գերակշռող մասը՝ Գյումրի քաղաքում։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Արձանագրված դեպքերից 3 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի վարույթն այնուհետև կասեցվել է հանցագործություն կատարած անձին չհայտնաբերելու հիմքով:
Գողությունների գերակշիռ մասը կատարվել է գիշերային ժամերին, որպես հանցագործության թիրախ, հիմնականում ընտրվել են հակաառևանգման ազդանշանային համակարգ չունեցող, կայանված վայրերում տեսաձայնագրող սարքեր չունեցող, հսկողությունից դուրս մնացած ավտոմեքենաները։ Հաճախակի են գողության դեպքերը Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական և Վարդ-Բաղ թաղամասերում։
Մասնավորապես, շեշտվել է որպես կանխարգելիչ միջոց, գիշերային ժամերին հանցանքի կատարման համար առավել ռիսկային գոտիներում ինտենսիվ շրջիկ հերթապահություններ և ծառայություններ իրականացնելու, բնակելի թաղամասերում (որոնց բակում կայանված են ավտոմեքենաներ) ոստիկանական ավտոմեքենաներով շրջիկ վերակարգերի նշանակման, նախկինում դատապարտված կամ քրեածին, հատկապես գողությունների հակում ունեցող, գողության կամ համասեռ հանցագործության կատարման համար նախկինում դատված անձանց նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ինչպես նաև իրենց սեփականության պաշտպանությունն ապահովելու նպատակով ավտոմեքենաների սեփականատերերի հետ բացատրական աշխատանքներ իրականացնելու կարիքը»,- ասված է հաղորդագրությունում։