կարևոր
490 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 20:27

Եթե անգամ ձեր մանդատը պողպատյա է, այն չի լռեցնելու Եռաբլուրում ծածանվող դրոշների ձայնը․ Աննա Գրիգորյան

Այո, մարդը բարձրագույն արժեք է և անձի արժանապատվությունը նսեմացնելը որևէ կերպ թույլատրելի չէ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, անդրադառնալով ճամբարափոխ եղած և ՔՊ կազմում նորից պատգամավոր դարձած նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի պնդմանը, որ «մարդը բարձրագույն արժեք է»,-ասել է․

«Այս հարցում չպետք է լինեն երկակի արժեքներ, իսկ երբ սյունեցիներին ձերբակալելիս, նրանց ստորացնելով, հատուկ անձի արժանապատվությունը նվաստացնելով բերման էին ենթարկվում, դուք մտահոգություն արտահայտե՞լ եք  այդ մարդկանց անձի արժանապատվության վերաբերյալ։ Ես հրապարակավ դա չեմ լսել։ 

Այստեղ շատերը խոսում են, որ Շուռնուխում այսօր կանգնած է թշնամին, որովհետև կա 2010 թվականի վարչատարածքային բաժանման մասին օրենքը։ Բայց ավելի ընդհանուր ասեմ Կապան-Գորիս և Կապան-Ճակատեն ճանապարհին կանգնած են ադրբեջանցիները, ոչ թե որովհետև նոյեմբերի 9-ին հայտարարություն էր ստորագրվել կամ որովհետև 2010-ին նման օրենք է ընդունվել, այլ որովհետև առանձին հուշագիր է ստորագրվել այն էլ պատերազմից հետ բոլորիցս թաքուն բոլոիս մեջքի հետևում, որով Կովսականի և Սանասարի հատվածները զիջվել են թշնամուն։

Այդ ամենը ֆիքսված է, հետևաբար՝ ամեն անգամ, երբ խոսում եք Սյունիքում տեղի ունեցողի մասին, խնդրում եմ, մի վկայակոչեք 2010թ. վարչատարածքային բաժանման մասին օրենքը, այլ պարզապես վկայակոչեք այն հուշագիրը, որը գաղտնի է ստորագրվել, որով այդ ճանապարհները պարզապես հայտնվել են նաև ադրբեջանցիների վերահսկողության ներքո:

Երբ դա արվում էր, ասվում էր, որ գիտե՞ք դա անում ենք, որ Սյունիքն անվտանգ լինի, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն է, տեսանք՝ որն էր այդ կարմիր գիծը:
Այսօր Սև լճում, ինչպես նաև Գեղարքունիքում տեղակայված են ադրբեջանցի զինվորներ, ավելին, 20 օրից ավել է, որ մեր 2 զինծառայողներ պարզապես մոլորվել են, դուք որևէ տեղեկություն ունե՞ք այդ մարդկանց մասին, եթե ունեք, խնդրում եմ հայտնեք, մենք չգիտենք, թե ինչ է կատարվել մեր երկու հայրենակիցների հետ։

Հետևաբար` երբ այստեղ Նապոլեոնի հաղթական կեցվածքով ելույթներ եք ունենում, խնդրում եմ հիշեք, թե ի՞նչ իրավիճակում է գտնվում մեր երկիրը: Ավելին, այստեղ ելույթ են ունենում, ասում են՝ «տեսեք, Սյունիքում մարդիկ մեզ են ընտրել, Շուռնուխում մարդիկ մեզ են ընտրել», և դուք հպարտանո՞ւմ եք դրանով, այսինքն՝ Սյունիքում թուրքին բերել, մարդկանց դիմաց եք կանգնեցրել ու ասում եք՝ «վայ, տեսեք, ընտրում են, մեզ են ընտրել, սա եզակի ցինիզմ է»։

Գրիգորյանը  ՔՊ-ական պատգամավորին խնդրեց մեկնաբանել նաև, թե ի՞նչ է նշանակում մարդիկ ընտրել են ժողովրդավարությունը, և ոչ՝ անվտանգությունը:

«Թյուր տպավորություն է, որ եթե իշխող ուժը հաղթել է ընտրություններում, ուրեմն էլ այլևս որևէ բանի համար պատասխանատվություն չի կրում։ Եթե անգամ ձեր մանդատը պողպատյա է, այն չի լռեցնելու Եռաբլուրում ծածանվող դրոշների ձայնը, չի լռեցնելու մեր հայրենակցի ձայնը Բաքվի դատարանում, ով ադրբեջանցի դատավորին խնդրում էր բարեգութ լինել իր նկատմամբ, որովհետև իր մայրը միայնակ է և իր խնամքի կարիքն ունի: Այս ամեն ինչը մոռացե՞լ եք: Բոլոր պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եթե նույնիսկ դուք հաղթել եք ընտրություններում,ուրեմն պարտվել է մեր պետությունն ու պետականությունը»,- ասել է Գրիգորյանը։