կարևոր
1348 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-04 18:42

Սահմանների շուրջ քարե պարիսպ է կառուցվում հզոր բանակի և հզոր դաշնակիցների շնորհիվ, որևէ այլ դեպք ես չգիտեմ․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պարոն Բագրատյան, շատ եմ ցավում, որ Ձեզ պես փորձառու մարդը, որը ԲՀԿ-ի քվոտայով եղել է մարզպետ, ԲՀԿ-ի քվոտայով եղել է պատգամավոր, հիմա քաղպայմանագրի քվոտայով է պատգամավոր, ուղղագիծ քաղաքական ճանապարհ անցած և այսպիսի փորձ ունեցող մարդը իմ խոսքերը հասկացել է ուղղակի։ Ոչ, խոսքը տեսլականի կոնցեպցիայի մասին է եղել, որ մենք երկրի ապագայի վերաբերյալ ունենք տարբեր պատկերացումներ։ Այս մասին ԱԺ-ում, խոսքն ուղղելով Սերգեյ Բագրատյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր. ՀՅԴ Հաայստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։

«Ես ձեր աչքերին նայելով՝ իմ ցավը արտահայտեցի, և թեպետ պարոն Կոնջորյանը այստեղ չէ, որ իր աչքերի մեջ նայելով ասեմ, բայց ականջներով լսում է․ իր արածը կոչվում է սելեկտիվ ընկալում: Ես չեմ մերժել կառուցողականությունը, ես ասել եմ կառուցելուց առաջ պետք է հասկանալ՝ ի՞նչ են կառուցում, որովհետև ինձ համար կաևորը Հայաստանը անառիկ բերդ դարձնելն է, հետո մաքսատներ կառուցելը»,- նշեց Խաչատրյանը։

Այնուհետև, դիմելով Բաբկեն Թունյանին՝ Արթուր Խաչատրյանը շարունակեց.

«Ընդունում եմ Ձեր կառուցողականության առաջարկը: Երեկ չէ առաջին օրը մենք ունեցանք ԱԺ նախագահի երեք թեկնածու, պարոն Սիմոնյանը ուներ բոլոր հնարավորությունները ելույթ ունենալ, հարցերին պատասխանել, մեր երկու գործընկերն այդ հնարավորություններից զրկված էր։ Պարոն Թունյան, ինչո՞ւ մի կառուցողական առաջարկություն չարեցիք, որ մեր երկու գործընկերն ևս օգտվեին այդ հնարավորությունից: Օրինակ՝ դատախազությանը կանչեին, ասեին՝ հնարավոր չէ՞ այդ մարդիկ գան, խոսեն, կանդալներով բերեիք մուտքի մոտ, գար մարդը, խոսեր, կանդալեիք տանեիք, կամ հեռուստակամուրջ կառուցեիք բերդի և ԱԺ-ի միջև»,- ասաց Խաչատրյանը։

Այնուհետև Հայաստան խմբակցության պատգամավորն անդրադարձավ ՀՀ սահմանների հարցին․ «Մեր գործընկերներից մեկը՝ Վաղարշակ Հակոբյանն ասաց, որ դա 2010 թվականի օրենքն էր մեղավոր, որ հիմա թուրքերը Շուռնուխում են։ Խնդրում եմ, գեթ մի օրինակ բերեք, որտեղ երկու երկրի սահմանները ճշտվում են երկրներից մեկի Վարչատարածքային բաժանման մասին օրենքով, կամ շրջեք գլոբուսով կամ գլոբուսը շրջեք, և մի օրինակ բերեք։

Մի օրինակ բերեք, որ սկզբից Վարչատարածքային բաժանման մասին օրենքում են գրել, հետո են սահմանները գծել, սահմանազատել և սահմանագծել։ Ենթադրենք, աշխարհն էդքան խելք չուներ, և նախկին իշխանությունները նույն աշխարհ հետ հավասար անգրագագիտության մակարդակի վրա էին: 2019թ.-ի օգոստոսի 5-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», գայիք նիստ անեիք, գայիք Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություն անեիք։ Հայաստանի հարավարևելյան սահմանը թող անցներ Հորադիսով։ Ասում էիք չէ՞, մենք գալու ենք նախկինների սխալները շտկելու, է շտկեիք, պարոնայք, ո՞վ էր Ձեզ խանգարում։ Հետո Ադրբեջանը, որ գար կռիվ սկսեր, կասեիք վեր կաց ստեղից գնա, որովհետև մեր Վարչատարածքային բաժանման մասին օրենքում էդպես է գրված։ Եվ Ադրբեջանն էլ, քանի որ կառուցողական էր իրենց նախագահը, գլուխ կխոնարհեր և հեռու կգնար»։

«Երեկ վարչապետը, Պաշտպանության նախարարին ներկայացնելուց, դարձյալ ասաց՝ մենք ուզում ենք, որ սահմանագծվի և սահմանազատվի, որպեսզի կառուցենք քարե պարիսպ։ Սահմանների շուրջ քարե պարիսպ է կառուցվում հզոր բանակի և հզոր դանշակիցների շնորհիվ, որևէ այլ դեպք ես չգիտեմ․․․»։

Մանրամասն՝ տեսանյութում։