կարևոր
130 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 14:44

Տպավորություն է, որ նրանք այդպես էլ չեն գիտակցել 2020 թվականի իրադարձությունների ողջ ողբերգականությունը. Արմեն Գևորգյան

Տպավորություն է, որ նրանք այդպես էլ չեն գիտակցել 2020 թվականի իրադարձությունների ողջ ողբերգականությունը. Արմեն Գևորգյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը գրում է. 

«Օգոստոսի 3-ի բանավեճը և ելույթների ոճը հիշեցրին 2017թ-ի հետընտրական իրավիճակը։ 2016թ. իրադարձություններից հետո (ապրիլյան պատերազմ և ոստիկանական գնդի գրավում) ապրիլյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները գործող իշխանություններին ներշնչեցին հույս, թե երկրում իշխանության հարցը լուծված է, և մոտ ապագայում կարելի է չմտածել դրա նոր և ողջամիտ ձևաչափերի մասին: Սակայն դրան շատ արագ հետևեցին 2018 թվականի իրադարձությունները։

Հիմա նույնպես լսում ես մեծամասնության պատգամավորներին, և տպավորություն է, որ նրանք այդպես էլ չեն գիտակցել 2020 թվականի իրադարձությունների ողջ ողբերգականությունը, նրանցից շատերը չեն հասկանում, որ իրենց օգտին տրված ձայներից շատերը ձայներ են ընդդեմ, բայց ոչ՝ հօգուտ: Այդ քվեների մեջ դրական կամ ռացիոնալ ոչինչ չկար: Մեծամասնությանը թվում է, թե իրենց ներել են նախապատերազմյան ձախողումները, հազարավորների մահը, հազարավորների հաշմանդամությունը, տասնյակ հազարավորների տնազրկումը, մեր բոլորի հայրենազրկումը։

Մեծամասնությունն ուզում է արդեն ապրել մի իրավիճամում, երբ կարելի է խոսել «անցած փուլի» մասին։ Բայց սա այնպիսի ծավալի պատմական ողբերգություն էր, որը երբեք չի թողնի, որ իշխանություններն ապրեն խաղաղության և համերաշխության մեջ, առաջին հերթին՝ իրենք իրենց հետ։ Հնարավոր չէ երկրի և ժողովրդի կյանքն արհեստականորեն բաժանել փուլերի։ Դա երբեք ու երբեք չի լինում կարգադրություններով, քաղխորհրդի նիստերով, ղեկավարների ցանկությամբ։

Դա բնական պրոցես է, որը ենթադրում է բաց և ցավոտ ներհասարակական խոսակցություն, բոլորին՝ հետևություններ անելու կամք և պատրաստակամություն, մոտեցումները վերանայելու հասունություն։ Սա վերաբերում է բոլորին, բայց շատ ավելի շատ՝ նրանց, որոնց ձեռքում կառավարման լծակներն են։

Իշխանությունը ներկայացնող որոշ պատգամավորների ելույթներն այդքան վտանգավոր չէին լինի, եթե չձևավորվեր ճնշող տպավորություն, որ դա քաղաքական որոշում էր։ Վտանգը հենց սրա մեջ է»։