ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական ընդդմիության կողմից ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթն ամբողջությամբ.
Սիրելի՛ հարենակիցներ,
Ազգային ժողովի նիստին առցանց հետևող մեր քաղաքացինե՛ր,
Ազգային ժողովի բարձր ամբիոնից առաջին հերթին խոսքս ուղղում եմ Ձեզ։
Այսօր «Հայաստան» դաշինքի կողմից առաջադրվել եմ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու։
Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներիս այս վստահության համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև «Պատիվ ունեմ» դաշինքի գործընկերներիս՝ իմ թեկնածությունը պաշտպանելու և աջակցելու համար:
Թյուր ընկալումներից խուսափելու համար՝ ի սկզբանե ուզում եմ հստակեցնել, որ իմ թեկնածության առաջադրումը ոչ թե իշխանության հետ քաղաքական համաձայնությունների և կուլիսային պայմանավորվածույթունների արդյունք է, այլ մեր երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության 104-րդ հոդվածով սահմանված նորմ, համաձայն որի Աժ նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից։
Սա քաղաքական համակարգի փոխզսպումների, հակակշիռների, ընդդիմության քաղաքական իրավունքների ապահովման և իրացման հիմնական պահանջներից է։
2015 թ. սահմանադրական փոփոխությունների արդյունքում քաղաքական ընդդիմությանը վերապահվեցին խորհրդարանական մի շարք կարևոր լիազորություններ, որոնք ժողովրդավարական պետության՝ քաղաքական համակարգում հավասարակշռության ապահովման կարևոր գործոն են։
Այն անհրաժեշտ է երկրի ժողովրդավարության, նրա կայունության և միջազգային վարկանիշի համար։ Այսպիսով, ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրական պահանջ է և ենթակա է կատարման՝ անկախ քաղաքական մեծամասնության նախասիրությունից կամ քմահաճույքից:
Այլ պայմաններում մենք գուցե կարող էինք արձագանքել խորհրդարանական մեծամասնության՝ բանակցությունների միջոցով, համախոհությամբ ԱԺ ղեկավարություն ձևավորելու առաջարկին։
Սակայն,
Այդքանով հանդերձ՝ մեր և օրվա իշխանության հակադրությունը անձնական և անհատական չէ. այն ավելի խորը և գաղափարական հիմքեր ունի:
Ընդդիմության և իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագային վերաբերող տեսլականն է:
Եթե փորձեմ կարճ ձևակերպել, ապա ընդդիմության տեսլականն է՝
Իշխանության քողարկված տեսլականն է (ուշադրություն՝ քողարկված, քանի որ ձեռնարկված քայլերը և գործողությունները հայտարարված նպատակների հետ առնչություն չունեն)
Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այս պատկերացումները՝ համարելով այն ինքնաոչնացման և կործանման ճանապարհ:
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, ըստ էության, չհանգուցալուծեց համակարգային ճգնաժամը։ Այն նորանոր դրսևորումներ է ստանում՝ սպառնալով պետականության գոյությանը: Վտանգված է մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը: Ես շարունակում եմ պնդել, որ այս իշխանությունն անկարող է լուծել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ուստի այս իշխանության հետ ապագա չկա:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հանդես գալով իբրեւ Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու, ցանկանում եմ ներկայացնել իմ գործունեության առանցքային մի քանի ուղենիշներ և սկզբունքներ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արտահերթ ընտրություններում դուք մեզ քվեարկել էիք ոչ միայն մեզ ԱԺ գործուղելու, այլ նախևառաջ մեր միջոցով օրվա իշխանությանը հեռացնելու, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների առջև ծառացած նոր սպառնալիքները կանխելու, մեր ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու, արժանապատիվ խաղաղություն հաստատելու, երկիրը բնականոն զարգացման հուն տեղափոխելու և, ի վերջո, ուժեղ Հայաստան կերտելու համար։
Թեեւ ընտրությունների միջոցով դեռևս չի հաջողվել լուծել այդ խնդիրը, սակայն այս ամբիոնից ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ մեր համատեղ պայքարն այսօրվանից տեղափոխվում է նաև Խորհրդարան:
Չփոխվեց իշխանությունը, բայց փոխվեց ընդդիմությունը։ Նոր իշխանությունը դարձավ հին իշխանություն։ Արդյունքում ունենք հին իշխանություն և նոր ընդդիմություն։
Նոր ընդդիմության խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն, ով կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, ով կկատարի երկրի սեփական սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հիմնական գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին՝ կերտելով ուժեղ Հայաստան:
Սիրելի հայրենակիցներ. երկրում գոյություն ունեցող համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր գնահատումները նույնն են, օրակարգն անփոփոխ, պայքարը շարունակվում է….
Շնորհակալություն: