Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանավորված։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժել է Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնելով անփոփոխ։
Այս առնչությամբ գրառում է կատարել նաև Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը․
«Նիստի ընթացքում նայելով դատավորի աչքերին, պնդեցի, որ ինքն ի զորու չէ անկախ և անաչառ լինել ու արդար որոշում կայացնել Մխիթար Զաքարյանի գործով։
Դատավորը նայեց աչքերիս ու ասաց, որ ինքը բոլոր գործերով է անկախ ու անաչառ, որից հետո մերժեց վերաքննիչ բողոքը։
Մենք երկուսս էլ գիտենք, թե ով էր ճիշտ և ով դիմացինի աչքերին նայելով ստեց»։
Հիշեցնենք, որ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Զաքարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, ինչը բավարարվել է։