8-րդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը։ Խորհրդարանը ընտրում է ընդդիմադիր փոխնախագահին։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանին։
Նա իր խոսքում նշեց, որ խորհրդարանական պետության պայմաններում իրացնել քաղաքական զսպումների գործուն մեխանիզմները ընդդիմության կողմից չստացվեց, որովհետև իրենց երկու գործընկերներն անազատության մեջ են հայտնվել պատգամավոր ընտրվելուց հետո։ Նրանք անազատության մեջ հայտնվել մուրճի քաղաքականության ընթացքում՝ ակնհայտ խոսքերից հետո, որ ընտրություններից հետո որոշ համայնքապետեր կհայտնվեն ճաղավանդակի հետևում։
Օհանյանը նշեց՝ «իրավիճակից դուրս գալու երկու տարբերակ կա՝ կամ մուրճին պետք է հակադրենք հանքահատ մուրճ՝ քանդենք այդ պատը, կամ պետք է այսպիսի քննարկումներ լինեն»։
Նա հիշեցրեց, որ չպետք է մոռանալ, որ ապրում ենք ծանրագույն ժամանակահատվածում։ Խորհրդարանը աշխատանքներն սկսել է ծանր պայմաններում, երբ երկու ամսից ավելի ադրբեջանական բանակը հատել է ՀՀ սահմանը՝ խախտելով մեր երկրի ինքնիշխանությունը, 44-օրյա պատերազմի վերքերը դեռ բաց են, պատերազմը չի ավարտվել, հարյուրավոր գերիների ճակատագիրն անհայտ է, նոր բախումների, զոհերի փաստեր ունենք։ Երկիրը լրջագույն անվտանգային հարցի առջև է կանգնած։ Օհանայնը հավելեց, որ արտահերթ ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում ստեղծված քաղաքական-բարոյական ճգնաժամը։ «Ամեն ինչ, ամեն օր ավելի է խորանում իշխանությունների որդեգրած ռեպրեսիվ վարքագծի արդյունքում։ Այո, մեզ չհաջողվեց ամբողջական իշխանափոխություն անել, բայց նաև իրավունք չունենք չգնահատել այն իրողությունը, որ կարողացանք ճեղքել երկրում հաստատված քաղաքական մենաշնորհը»։
Օհանյանը նշեց, որ քաղաքական պատասխանատվության լրջագույն պարտք ունեն իրենց ընտրողներին։ Պատասխանատվությունը դրդում է, որ չեն դադարեցնելու խորհրդարանական, արտախորհրդարանական պայքարը։
«Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրելը կարևորում ենք այս տեսանկյունից, համոզված ենք, որ Իշխան Սաղաթելյանը լավագույնս կիրականացնի՝ Սահամանադրությամբ ընդդիմությանը վերապահված այս կարգավիճակից բխող լիազորությունները»։