կարևոր
1132 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 20:10

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է կրել արծաթե մեդալը

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է կրել արծաթե մեդալը

Հայաստանի հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացած պարգևատրման արարողության ժամանակ հրաժարվել է արծաթե մեդալից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսական կայքում նշվում է, որ Ալեքսանյանը տեղում գտնվող լրագրողներին հարցազրույց տալու խնդրանքին պատասխանել է. «Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար»:

Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում էր, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի նկատմամբ կողմնակալություն կար

«Տեսեք՝ ինչ արեցին. փոխվեց մեկ մեդալի գույնը, 3 մեդալից էլ զրկվեցինք։ Երեքն էլ պատրաստ էին այսօր հաղթելուն։ Մեր թիմն այսօր քարուքանդ արեցին։ Հիմա դա ում մտահղացումն էր` չեմ կարող ասել։ Արթուրը մեկ ոտքով գորգ բարձրացավ ու այդպես դատեցին։ Խախտում չկար, բայց գտան մի բան, 1-1 դեպքում Արթուրը կարող էր չեմպիոն դառնալ։ Այդպիսի մի քանի գոտեմարտ եղավ»։

Անդրադառնալով ռուսական մամուլում գրվածին՝ ռուսների հետ կապված, մարզիչն ասել է, որ Արթուրը նման բան չի ասել։ «Արթուրն ընդամենը իր հետևից եկող լրագրողներին ասել է` միացրեք, գոտեմարտը նայեք, ինքներդ կտեսնեք»,- ասել է մարզիչը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ` եզրափակիչ փուլում, Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի եզրափակիչում 1։5 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին և դարձավ օլիմպիական փոխչեմպիոն՝ նվաճելով արծաթե մեդալ։

Երեկ` կիսաեզրափակչում, Ալեքսանյանը վնասվածք էր ստացել իրանցի Մոհամադհադի Սարավի հետ մարտում։ Չնայած դրան` նա շարունակեց գոտեմարտը ու հաղթեց 4։1 հաշվով։