Այսօր Ազգային ժողովի այս քննարկման ժամանակ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները իրենց խոսքերում կոչ էին անում, որպեսզի երկխոսություն լինի, միասին աշխատենք, քննարկումներ կազմակերպենք և միգուցե տպավորություն ստեղծեն, որ այս թևում նստած են մարդիկ (ընդդիմադիր խմբակցությունները), որոնք կռիվ են ուզում և չեն ուզում որևէ բան երկրի համար անել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Այս կոչը բնական կլիներ, ցանկացած երկրում այդ թվում ՀՀ-ում, եթե ընդդիմությունը գա գիտակցելով, որ արդեն ԱԺ փոխնախագահ ընտրված պատգամավորը ԵԽԽՎ-ում սխալ կոճակ սեղմելու հետևանքով միջազգային դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել, կարող էր ընդդիմությունը դա մոռանալ։ Կարող էր մի կողմ դնել այդքան պարգևավճարները և հանուն ՀՀ-ի իրար հետ աշխատել․․․ Խորհրդային միությունում կար մի թևավոր խոսք՝ извини, друг։ Գերմանիայում ճանապարհները շատ նեղ էր, մոտ երեք մետր, ռուս վարորդները, որ անցնում էին, գերմանական մեքենաները պլաստմասե էին, որ կպնում էին, մեքենայից բան չէր մնում, զինվորը իջնում էր, ասում էր извини, друг, նստում էր գնում․․․հիմա դուք ապաշնորհությամբ պետական համակարգ փլուզելով, հասարակական համերաշխությունը ավիրելով, մեր հերոսներին նսեմացնելով հասցրեցիք պատերազմի, հիմա ասում եք извини, друг»,- ասաց Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը հիշեց մի դեպք, երբ 2020 թվականի նոյեմբերին իմքայլական պատգամավորներից մեկի հետ Եռաբլուրում է եղել․ «դժվար խոսակցություն ունեցանք, բայց նա ասում էր՝ « մի քանիսն ենք, գոնե մնանք, մի բան կարողանանք փոխել»։ Իմ ամենամեծ ցավը, սիրելի հայրենակիցներ, պատճառում է այն, որ ամբողջական ողբերգությունը չի գիտակցում պետական կառավարման համակարգը, ուղղակի թևաթափ ես լինում։
Արթուր Խաչատրյանի զայրույթը ես հասկանում եմ, նա կամավորության սկզբունքով Քարվաճառի զարգացման ծրագիր էր մշակում տեղի իշխանությունների հետ, իսկ հիմա գլուխը կախ է հասնում Ստեփանակերտ։ Ու պատկերացրեք իր նման քանիսը կան․․․
Այն իշխանությունը, որը սուգ բերեց հայոց ամեն օջախի մեջ, ասում է եկեք մոռանանք, ձեռք ձեռքի տանք քննարկենք պատգամավորի գրպանի 250 հազար դրամը, որը ափալ-թափալ օրենք դարձրինք, միգուցե փոխենք 245 հազար դարձնենք․․․․իսկ մենք երկիր ենք կորցրել․․․
Ասում են թե ժողովուրդը մեզ քվեարկել է, լավ էն մարդիկ, որ ցավ են ապրում, չեն խոսում, մի մասը քվեարկել է մյուսներին, հազարավորները ոչ մեկին չեն քվեարկել, որովհետև թևաթափ են եղել, էտ մարդիկ ասել են եկեք երկաթե մանդատո՞վ աշխատեք։ Թե էն մարդկանցից շատերը, որ իսկապես քվեարկել են, որովհետև ականջին փսփսացել են՝ «լավա երեխեդ էլ Ղարաբաղ չի գնա»։ Այդ մարդն էլ ուրախացել է, բայց երեխուն բերել են չկահավորված դիրքում են կանգնեցրել, էլի նույն թուրքն է դիմացը։
Իրականում երեխեդ Ղարաբաղ չի գնա, բայց թուրքին մոտեցրեցին մեզ, և այս պայմաններում ի՞նչ ձեռք ձեռքի տալ, ի՞նչ օրենք մշակել, ի՞նչ օրենք փոխել: Կորսվածը հետ բերե՞լ, այո՛, բայց դրա համար լրիվ այլ ուղի կա»,- նշեց Գեղամ Մանուկյանը։