Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանի որոշումը կհրապարակվի օգոստոսի 5-ին՝ ժամը 12։30-ին։
Երեկվա նիստին պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն էր ներկայացրել՝ մտահոգություն հայտնելով բողոքի մակագրման գործընթացի վերաբերյալ, իսկ դատարանի կողմից միջնորդությունը մերժելուց հետո պաշտպանները չեն մասնակցել բողոքի քննությանը։ «Այո, միանշանակ ես միտում եմ տեսնում։ Արդյոք առկա իրականության մեջ իրողությունները, մասնավորապես Սյունիքի բոլոր համայնքապետերի վերաբերյալ բողոքները դատարան մուտք անելուց հետո ԱԱԾ գործողությունները չեն վկայում այն մասին, որ այս բոլոր դատավորները, որոնք համայնքների ղեկավարների բողոքների քննությունն են իրականցոնում, ընտրվել են պատահաբար»,- ասալ էր Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։