ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրված՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Արշակյանից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը փորձեց պարզե, թե արդյոք ԱԺ-ում լրագրողների տեղաշարժման վերաբերյալ սահմանափակումներ սահմանելիս քննարկումներ են ունեցել լրատվամիջոցների հետ։
«30 տարի ԱԺ-ում լրագրողներն ազատ գործելու հնարավորություններ են ունեցել՝ ձեր սիրած, չսիրած իշխանությունների օրոք։ Հիմա սահմանափակել եք նրանց գործունեությունը և պատրաստվում եք էլ ավելի սահմանափակել, ձեր սկզբունքներն ու գործը երեսպաշտական են ու հակասական։ Չէ՞ք պատրաստվում Ձեր ընտրվելու պարագայում վերանայել սահմանափակումները»,-հարցրեց Աղվան Վարդանյանը։
Հակոբ Արշակյանն արձագանքեց` առաջարկվող փոփոխությունները ոչ թե սահմանափակումներ են, այլ` ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
«Ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում մենք կամաց-կամաց վերածվում ենք բռնապետական երկրի»,- արձագանքեց Աղվան Վարդանյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ հայտնի միջադեպից երկու շաբաթ անց Արշակյանը հրաժարական է ներկայացրել, սակայն ստացվում է պատասխանատվության չի ենթարկվել, այժմ էլ նման բարձր պաշտոնի է հավակնում: Նա նաև հավելեց, որ ըստ իր տեղեկությունների մինչ այժմ տուժածի հետ առերեսում չի եղել: Խամոյանը հետաքրքրվեց, թե պատգամավորը սովորել է արդյոք կառավարել իր էմոցիաները, թե ոչ:
Հիշեցնենք, որ հենց Արշակյանն էլ, նախարարի պաշտոնում, անհանդուրժողական պահվածք դրսևորել լրագրողի նկատմամբ: Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այս տարվա մարտին սրճարանում հարձակվել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա: Դատախազությունը գործն ուղարկել էր Հատուկ քննչական ծառայություն: Միջադեպից հետո Հակոբ Արշակյանը նախագահի հրամանագրով ազատվել է պաշտոնից՝ առանց հիմքերը նշելու: Մեկ ամիս անց ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ. «Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»: