կարևոր
997 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-03 13:53

Աննա Դանիբեկյանը հետաձգեց նիստը մեկ շաբաթով

Աննա Դանիբեկյանը հետաձգեց նիստը մեկ շաբաթով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալն ընտրվել է ԱԺ պատգամավոր և այժմ մասնակցում է խորհրդարանի աշխատանքներին։

Գործով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

Սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանը եւ Խաչատուրովը արդարացվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։ Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի եւ Գեւորգյանի քրեական հետապնդումը։

Գործն առանձնացվեց կաշառք ստանալու եւ փողերի լվացման մեղադրանքի մասով։ Այսօրվա նիստին ներկա էր ՀՀ երկրորդ նախագահը, սակայն, հաշվի առնելով, որ դատական նիստը չի կարող շարունակվել առանց դատավարության մասնակիցներից որևէ մեկի՝ Արմեն Գևորգյանի, դատարանը հետաձգեց գործի քննությունը մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 13։00-ն։