ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Արդարադատության նախարար նշանակելու մասին նոր հրամանագիր է ստորագրել։
Հրամանագրի համաձայն՝ Արդարադատության նախարար է նշանակվել Կարեն Անդրեասյանը։
Հիշեցնենք՝ Կարեն Անդրեասյանը 2011 թ. մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ընտրվել է ՀՀ Մադու իրավունքների պաշտպան, 2016 թ. հունվարին ներկայացրել է հրաժարականի դիմում։
Ծնվել է 1977 թվականին։ 1994-2002 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում, ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բերկլիի համալսարանում, Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանում, Մարդու իրավունքների կանադական կենտրոնում, Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոնում։
2001-2008 թթ. համատեղությամբ աշխատել է մի շարք հասարակական կազմակերպություններում. ՀՀ իրավաբանների միության անվճար իրավական օգնության կենտրոնում՝ տնօրեն/, «Քաղաքացիական կրթության ծրագիր» միջազգային կազմակերպությունում՝ ծրագրի համակարգող, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում՝ իրավաբան, «Հոդված 19» միջազգային կազմակերպությունում, Հունգարիայում տեղակայված «Բաց Հասարակության իրավական նախաձեռնություն» միջազգային կազմակերպությունում, Բուլղարիայի «Տեղեկատվության մատչելիություն» կազմակերպությունում,Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում՝ որպես իրավաբան, հետո գլխավոր իրավաբան, այնուհետև փոխտնօրեն:
2006-2007 թթ. համատեղությամբ աշխատել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական։ 2008 -2011 թվականներին «ԴԻՖԵՆՍ» իրավաբանական ընկերության տնօրենն էր։
Իրականացրել է մի շարք հեռուստատեսային և հասարակական նախագծեր. Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է տեղեկատվական իրավունքի և հետաքննական լրագրության բուհական մրցույթ լրագրող և իրավաբան ուսանողների համար, վարել է «Երկրի թեմա» հաղորդաշարը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում, «Իրականում» հաղորդաշարը՝ «Արմենիա» հեռուստաընկերությունում։
2018 թվականի իշխանափոխությունից հետո աչքի է ընկել գործող իշխանություններին սատարող հրապարակախոսությամբ: