կարևոր
1540 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 13:03

ԱԺ փոխխոսնակի դերը ընդդիմության համար կարևոր լծակներից է, որը կծառայի «Հայաստան» դաշինքի օրակարգին․ Իշխան Սաղաթելյան

Ազգային ժողովի նախագահի ընտրության պրոցեսը տեղի է ունեցել ակնհայտ խախտումներով։ Դիմում ենք Սահմանադրական դատարան, քանի որ այլ իրավական ճանապարհ չկա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ «Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք կքննարկենք և հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ ու եզրակացությամբ»,- նշեց նա։

Սաղաթելյանի խոսքով՝ իր առաջադրման պատճառներից մեկն այն էր, որ կային տեղեկություններ, որ իշխանությունը դեմ է իր առաջադրմանը։ «Ազգային ժողովի փոխխոսնակի դերը ընդդիմության համար կարևոր լծակներից է, որը կծառայի «Հայաստան» դաշինքի օրակարգին։ Երբ իրենց կուսակցության ղեկավարը նորից գա ԱԺ ու մատ թափ տա պատգամավորների վրա, ես անմիջապես կօգտվեմ արտահերթ խոսքի իրավունքից և կասեմ այն, ինչ պետք է ասեմ։ Ես ոչ ծառայողական մեքենայի կարիք ունեմ, որովհետև դրանից լավն ունեմ, ոչ հարմարավետ սենյակի, ոչ էլ ինձ համար հարմարավետ է վերևում նստելը։ Բայց վստահ եղեք, որ այդ լծակը ծառայելու է մեր օրակարգին»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նաև նշեց որ իշխանության հետ որևէ բանակցություն չկա․ «Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր, իսկ այսօր էլ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը վտանգի տակ է։ Մենք չենք կարող հաշտ և համերաշխ լինել այս իշխանության հետ»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։