կարևոր
115 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 10:27

Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում

Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում

Մենք ԱԺ նախագահի ընտրությունը համարում են ապօրինի ու դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը նշեց, որ դիմելու են ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։

«Այս հայտարարությունն արեցի, որ արձանագրվի, առաջիկայում մենք իրականացնելու ենք այս գործընթացը»,-նշեց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ իրենք նույնպես ՍԴ-ում վիճարկելու են ԱԺ նախագահի ընտրության գործընթացը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը: Սիմոնյանի թեկնածությանը քվեարկել է 71 պատգամավոր:

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի թեկնածու էր առաջադրել խմբակցության պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին, իսկ «Պատիվ ունեմ»-ը` Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին: Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այս պահին ապօրինաբար կալանավորված են։