կարևոր
121 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 19:02

Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

Մխիթար Զաքարյանի կալանավորման դեմ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի գործով դատական նիստը։ Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանին հենց սկզբից մի շարք հարցեր են ուղղել: Նախ, թե ինչո՞ւ է հենց այս դատավորին մակագրվել գործը, արդյոք օրենքով սահմանված կարգը պահպանվե՞լ է՝ հաշվի առնելով, որ օրենքը սահմանում է համակարգչով գործը քննող դատավորների ընտրություն: Սակայն դատարանը մի շարք հարցեր անպատասխան է թողել՝ փաստելով միայն, որ բողոքը մակագրվել է ձեռքով: 

Երեմ Սարգսյանը նշեց, որ բողոքը վարույթ ընդունելուց առաջ դատարանը պետք է ճշտեր՝ արդյոք կարգը պահպանվե՞լ է, որովհետև, եթե կարգը պահպանված չէ, ուրեմն՝ չկա օրենքի հիման վրա ստեղծված դատարան։

Պաշտպանի համոզմամբ, մակագրման համակարգիչները հատուկ են առգրավել՝ իրենց ցանկալի դատավորներին բողոքները մակագրելու համար և վստահ է, որ Մխիթար Զաքարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը հենց այս դեպքն է, որովհետև գործի բնույթը և ընթացքը ցույց է տալիս, որ Մխիթար Զաքարյանի վերաբերյալ գործի առումով առկա է վերահսկողությունը։

Պաշտպանության կողմը պահանջել է որոշակի տեղեկատվություն, հիմնավոր փաստաթուղթ, որով կերաշխավորվի դատավորի ընտրության այբբենական կարգով կատարումը: Դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը: Այն կշարունակվի վաղը՝ օգոստոսի 3-ին, ժամը 12։00-ին։