Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)», - ասված է հրամանագրում։
Հիշեցնենք՝ Ամերիկայում գործող հայկական ավանդական կուսակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և Ռամկավար Ազատական կուսակցությունը միասնական նամակ են ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին՝ դեմ արտահայտվելով Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան առաջադրելուն։
Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 12-ին Լիլիթ Մակունցը նշանակվել էր ՀՀ մշակույթի նախարար։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղին ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Իմ Քայլը դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ 2019 թվականի հունվարի 14-ից Իմ Քայլը դաշինքի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարն է։ 2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ։