Ընդամենը երեք թեկնածուի անուն ազգանուն, և այստեղ էլ սխալ: Ազգային ժողովի իշխանական պատգամավորները քիչ առաջ ԱԺ նախագահ էին ընտրում։ Հատկացված 45 րոպե ժամանակից հետո հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտարարեց, որ քվեարկությունը չեղյալ է հայտարարվել։
Հաշվիչ հանձնախմբի ընդդիմության ներկայացուցիչները ձայների հաշվառման ժամանակ միացել են Հանձնաժողովի աշխատանքին և պարզել են, որ «Պատվիվ ունեմ» խմբակցության կողմից առաջադրած ԱԺ նախագահի թեկնածու, «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի անվան փոխարեն գրված է եղել Արթուր Սահակյան:
«Ընդդիմադիր թեկնածուներից մեկի ազգանվան մեջ տեղի է ունեցել տառասխալ։ Ուստի նոր քվերակություն կլինի»,–ասաց Բաբայանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանն էլ առաջարկեց ԱԺ լրացուցիչ նիստ գումարել, այսինքն` ժամը 18։30-ից մինչև 20։00-ն։
Ընդդիմությոնը բոյկոտել է այս ընտրությունը՝ անօրինական համարելով այն, քանի որ չեն ապահովել մյուս երկու թեկնածուների ներկայությունը ԱԺ նիստին:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել է Ալեն Սիմոնյանի, «Հայաստան» դաշինքը` Մխիթար Զաքարյանի, իսկ «Պատիվ ունեմ»-ը` Արթուր Սարգսյանի թեկնածությունը։
Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն այս պահին կալանավորված են։