կարևոր
868 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 17:05

Մեր տղաների նկարներն անգամ խուճապ են առաջացնում այս իշխանության մոտ. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Ձեր լուռ համաձայնության ներքո Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին ևս երկու հայ ռազմագերի, որոնցից մեկը՝ Ալյոշա Խոսրովյանը, իմ համաքաղաքացին է, նա կապանցի է, ունի փոքր երեխա: Պետության ուղիղ պարտականությունն էր անել ամեն բան, որ Բաքվում այսօր չունենայինք գերիներ, բայց պետությունը որևէ քայլ չի ձեռնարկել այլ ուղղությամբ»,-այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նա իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Սյունիքից կալանավորված համայնքապետերին, որոնք, պատգամավորի խոսքով, պատանդ են ու հայտարարեց, որ ընդդիմադիրները  հասնելու են նրան, որ վերջիններիս նկատմամբ քաղաքական հետապնդումները դադարեցվեն:

Աննա Գրիգորյանը փաստեց, որ անգամ ինքը, պատգամավորի կարգավիճակով, չի կարողացել տեսակցել սյունեցի համայնքապետերին։ Ասում է՝ թույլ չեն տվել, ըստ նրա՝ կա հստակ հրաման, որով արգելվում է տեսակցել նրանց.

«Ինչի՞ց է այսքան վախենում իշխանությունը, մենք ստորագրահավաք էինք իրականացնում՝ ի պաշտպանություն Սյունիքի կալանավորված համայնքապետերի, և ընդամենը մեկ ստորագրահավաքից հետո գործընթացը կասեցվեց: Փաստորեն,մեր տղաների ընդամենը նկարները խուճապ է առաջացնում, նույնիսկ նկարը տեսնելը մարդկանց մոտ անհասկանալի զգացողություններ է առաջացնում »,-ասաց Գրիգորյանը:

Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ իշխանությունը վախենում է հայի արժանապատիվ տեսակից։