կարևոր
142 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-02 17:00

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի դրույթները

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի դրույթները

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ:

Ազգային ժողովն օրենքն ընդունել էր այս տարվա մարտի 24-ին, սակայն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր այն ստորագրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան՝ Օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը որոշելու համար: Նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները եւ փորձագիտական կարծիքները հանգեցրել էին այն եզրակացության, որ օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Մասնավորապես, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, ինչը նշանակում է, որ օրենքի ամբողջ փաթեթը չի ստորագրվելու, քանի որ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ՍԴ-ի կողմից Ազգային ժողովի ընդունած օրենքը կամ օրենքի վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին որոշում ընդունվելու դեպքում օրենքը հանվում է շրջանառությունից: 

Ըստ այդմ՝ ՍԴ-ի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթներն են․ 

  1. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) 4-ին առաջադրում է բուհի ակադեմիական խորհրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) 5-ին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։
  2. Կառավարման խորհրդի բուհի չորս անդամներին սույն հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում չառաջադրելու կամ չորսից պակաս առաջադրելու դեպքում կառավարման խորհրդի բուհի կողմից չառաջադրված անդամների համալրումն իրականացնում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։ 

Հիշեցնենք նաեւ, որ բուհական և գիտական մի շարք կառույցներ, օրինակ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ՀՀ բուհերի արհմիությունների նախագահությունը, ԵՊՀ ուսանողական խորհուրդը և մի շարք այլ գիտակրթական կառույցներ եւս մտահոգիչ ու անընդունելի էին որակել օրենքի նախագծի որոշ դրույթներ, մասնավորապես հենց Հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համամասնությանը (որ խորհրդի 9 անդամից 5-ը ներկայացնեն Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը), ռեկտորների ընտրության կարգը: Նրանք պնդում էին, որ այդ դրույթները ոտնահարում են բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը՝ բուհերին զրկելով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։ 

Նկատենք՝ ՍԴ-ում, բացի այս, ՄԻՊ-ի դիմումի հիման վրա վիճարկվում է 3 բուհի (Երեւանի պետական համալսարան, Մանկավարժական համալսարան, Շիրակի պետական համալսարան) վերաբերյալ Կառավարության որոշումը: Դատաքննության օր է նշանավել սեպտեմբերի 23-ը:  

Ենթադրվում է, որ ՍԴ-ն դա եւս հակասահմանադրական կճանաչի, որովհետեւ որոշումն օրենքի հետ ունի որոշակի տրամաբանական կապ: Կառավարության որոշմամբ կրճատվել է բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմն ու փոփոխվել ներկյացուցիչների համասնությունը: Նախկին 32 անդամի փոխարեն նոր հոգաբարձուների խորհուրդը պետք է բաղկացած լինի 20 անդամից: Այդ կազմից Կառավարությունն ու նախարարությունը պետք է ունենան 13 ներկայացուցիչ, իսկ բուհի պրոֆեսորադասախոսական եւ ուսանողական կազմից լինելու են 7-ը, որից 5-ը՝ ուսանող: Մնացյալ 9 բուհի մասով նախագիծը դեռ մնում է քննարկման փուլում: