Քանի դեռ մենք այստեղ ենք, այս ամբիոնը լինելու է բոլոր քաղաքական բանտարկյալների պաշտպանության ամբիոն։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Հայկ Մամիջանյանը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ԱԺ նախագահի իրենց թեկնածուին՝ «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանին:
«Արթուր Սարգսյանը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպիչներից։ Վերջին ընտրությունների արդյունքներից հետո շատերը դժգոհում էին, ասում, որ ազգի հետ մի բան այն չէ, եթե ընտրությունների արդյունքներն այսպիսին են։ Ուզում եմ մի բան շտկել, ազգի հետ ամեն ինչ նորմալ է։ Ազգն իրեն ներկայացնելու համար ընտրում է կռված և կռվող տղերքի։
Իշխանություն կոչվածները չեն թողնում, որ ազգընտիր պատգամավորներն իրենց պարտականություններն իրականացնեն»,-ասաց Հայկ Մամիջանյանը։
Վերջինս նշեց, որ եթե մեծամասնություն կազմող քաղաքական ուժը որոշի շարունակել պատանդ պահել ԱԺ պատգամավորներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցի նման հակասահմանադրական ընտրություններին։
Հավելենք, որ «Հայաստան» խմբակցությունն էլ ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրել խմբակցության կալանավորված պատգամավոր Մխիթար Զաքարյանին:
Նրանց ներկայությունը չի ապահովվել նիստին, հետևապես և ընդդիմությունը բոյկոտեց նիստը և լքեց դահլիճը: