Խոսքս ավելի շատ ուղղված է մեր հայրենակիցներին․ խնդիրը «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորի հարցը չէ անձնապես։ Նրանք լինեին իշխող խմբակցությունից, նույն պահանջը կդրվեր, քանի որ Ազգային ժողովը չի կարող շարունակել աշխատանքը՝ ոտնահարելով օրենսդրությունը։ Այս մասին իր խոսքում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
«Մենք ունենք բազմաթիվ օրախնդիր կարևորագույն հարցեր։ Մեր հայրենակիցներին, մեր երկրին, ազգային անվտանգությանը, Արցախին, տնտեսությանն առնչվող, որը մոտ ապագայում օր առաջ պատրաստվում ենք այստեղ բարձրաձայնել։ Բայց ուզում ենք սկսել աշխատանքը Ազգային ժողովում օրենքը պաշտպանելով։ Օրենքով սկսենք մեր գործունեությունը, հակառակ դեպքում՝ առաջին իսկ օրենքի ոտնահարումով, մենք շարունակելու ենք նույնկերպ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։