Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Եվրախորհրդարանի` Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչինիու Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությանը, որով եվրապատգամավորները խստորեն դատապարտում ենԱդրբեջանի կողմից հայկական դիրքերի հրետակոծումը եւ մայիսի 12-ից Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցումը։
«Մինչ խորհրդարանը վերջին շնչում ընդունում է հայհոյանքը քրեականացնող օրենքի նախագիծ, որպեսզի նոր խորհրդարանի «սլենգը» շատ չտարբերվի օրիորդաց վարժարանի բարեկիրթ բառամթերքից, Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարիա Կալյուրանդը, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով զեկուցող Զելյանա Զիվկոն ընդունել են համատեղ հայտարարություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումների վերաբերյալ»,- գրում է Զոհրաբյանը:
Եվրապատգամավորներն իրենց հայտարարության մեջ նախ անհանգստություն են հայտնելով ադրբեջանակն զրոքերի կողմից հայկական դիրքերի հրետակոծման վերաբերյալ, ինչպես նաև ցավակցելով զոհված հայ զինծառայողների մահվան համար, ընդգծել են.
«Ցանկացած հնարավոր տարաձայնություն սահմանի վերաբերյալ պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում, այլ ոչ թե ուժի եւ միակողմանի գործողությունների կիրառման ճանապարհով։
Բոլոր ուժերը պետք է հեռանան դեպի այն դիրքերը, որոնք զբաղեցված էին մինչեւ մայիսի 12-ը եւ Հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Իրավիճակի ապասրացման համար չափազանց կարեւոր է անհապաղ դադարեցնել սադրիչ հռետորաբանությունը։
Այս համատեքստում մենք դատապարտում ենք, մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արեւմտյան Զանգեզուրի» վերաբերյալ, եւ Հայաստանի Հանրապետության տարածքը որպես Ադրբեջանի «բուն հող» հիշատակումները։ Նման հայտարարությունները չափազանց անպատասխանատու են եւ սպառնում են տարածաշրջանային անվտանգության հետագա խափանմամբ»-ասված է եվրոպացի պատգամավորների հայտարարության մեջ։
Նաիրա Զոհրաբյանն ամփոփում է, նշելով, որ՝ մինչ նոր խորհրդարանը երեւի շուտով կկազմի թույլատրելի հայհոյանքների կատալոգը, Բրյուսելում Հայ Դատի գրասենյակը, Արմեն Աշոտյանն ու ես բավականաչափ աշխատանք ենք տարել Եվրոպական պառլամենտի մեր գործընկերների հետ՝ Հայաստանի սահմանին ստեղծված լարված իրավիճակի եւ թուրք-ադրբեջանական իսթեբլիշմենթի զանգեզուրյան ախորժակների հետ կապված։