կարևոր
1357 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-31 22:42

Այն, ինչ եղել է Մանչեսթերում, մնացել է Մանչեսթերում․ Հենրիխ Մխիթարյանը՝ Մոուրինյուի մասին

Այն, ինչ եղել է Մանչեսթերում, մնացել է Մանչեսթերում․ Հենրիխ Մխիթարյանը՝ Մոուրինյուի մասին

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Corriere dello Sport-ին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, մեկնաբանել է իր մասնակցությամբ միջադեպը, որը տեղի է ունեցել «Ռոմա»-«Պորտու» վերջին ընկերական խաղում:

Նրա խոսքով՝ մրցակցի խաղացող Պեպեն միտումնավոր կոպիտ խախտման է դիմել, ինչով էլ հունից հանել է Հենրիխին։ «Ես հստակ ասում եմ՝ Պեպեն միտումնավոր հարձակվել է այնպես, որ վնասվածք հասցնի ինձ։ Ահա թե ինչու ես բարկացա։ Նույնիսկ եթե այդ ընկերական հանդիպումն այդքան կարևոր էր նրանց համար, այն նույնքան սկզբունքային էր նաև մեզ համար։ Ես միշտ միտված եմ հաղթանակին՝ նույնիսկ մարզումներին»,- նշել է հայ կիսապաշտպանը։

Մխիթարյանը խոստովանել է նաև, որ անցյալում են մնացել նաև լարված հարաբերությունները «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։ «Այն, ինչ տեղի ունեցավ Մանչեսթերում, մնացել է Մանչեսթերում։ Մենք խոսեցինք որպես հասուն մարդիկ և որոշեցինք, որ պետք է համատեղ ջանքերով «Ռոմային» հաջողության հասցնենք։ Դա միակ բանն է, որը նշանակություն ունի այս տարի», - ընդգծել է Մխիթարյանը ։

Խոսելով մոտիվացիայի մասին՝ նա ասել է. «Ցանկացած մրցությունում իմ գլխավոր նպատակը հաղթանակն է։ Ես երբեք չեմ խաղացել պարզապես հաճույքի համար. առանց նվաճած տիտղոսների ֆուտբոլիստի մոտ ոչինչ չի մնա կարիերայի ավարտին։ Մենք ցանկանում ենք հաղթել, որպեսզի մնանք ակումբի պատմության մեջ։ Ես երբեք չեմ կասկածել իմ կարիերան շարունակելու վեկտորի վերաբերյալ։ Ես այլ առաջարկներ եմ ունեցել ինչպես Իտալիայից, այնպես էլ այլ երկրներից, բայց Հռոմում ելույթները շարունակելու որոշումը ճիշտ էր»։

Մխիթարյանը «Ռոմայում» հանդես է գալիս 2019 թվականի սեպտեմբերից։ Նախորդ մրցաշրջանում նա իտալական A Սերիայում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 13 գոլի եւ 10 գոլային փոխանցման հեղինակ։ Իտալիայի հերթական առաջնության առաջին հանդիպումը «Ռոման» կանցկացնի օգոստոսի 22-ին «Ֆիորենտինայի» հետ: Նախորդ առաջնությունում թիմը զբաղեցրել է 7-րդ տեղը։