կարևոր
94 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 19:25

Խորհրդարանի նիստերի դահլիճ պատգամավորներն այսուհետ կկարողանան մտնել մետաղաորսիչ սարքերով ստուգվելուց հետո միայն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկի նախաշեմին Ազգային Ժողովում անվտանգության կանոնները խստացվել են․ այսուհետ խորհրդարանի նիստերի դահլիճ մուտք գործելիս պատգամավորներին դռների մոտ տեղադրված մետավորսիչ սարքերով են ստուգելու: Առավոտյան նիստի մեկնարկին պատգամավորների հերթ էր գոյացել անգամ:

Իշխող մեծամասնությունն իր այս որոշումն անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ հնարավոր ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ է հիմնավորում: Ասում են՝ նախորդ տարիներին այնպիսի իրադարձություններ են եղել, որ նման խստացման կարիք է զգացվում: Բայց ինչո՞ւ անել նման փոփոխություններ հենց հիմա՞...

Ընդդիմությունը եթե ուզենար, բախումների գնալու հազար ու մի առիթ կար, կանեին, երկիրն էլ այդ ծանր պահին էլ ավելի խորը ցնցումների կտանեին, բայց ընդդիմությունն է հենց այս ռիկսերը գիտակցելով կարմիր գծեր դրել իր առաջ, անգամ, իր համակիրների կողմից արժանացել վճռական քայլեր չանելու հարցում քննադատությունների:

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի համար խորհրդարանի անվտանգության խստացման շարժառիթներն անհասկանալի են, այդ պատգամավորնե՞րը պետք է մեկը մյուսի համար վտանգ ներկայացնեն, որ այդպես մանրազննին են ստուգելու նախքան դահլիճ ներս թողնելը:

Իշխանությունները կարծես թե սահմանափակելու են նաեւ խորհրդարանական լրագրողների աշխատանքը: Համենայն դեպս, ըստ շրջանառվող տարբեր տեղեկությունների, լրագրողներին, գուցե, չթույլատրվի խորհրդարանի միջանցքներում մոտենալ պատգամավորներին և իրենց հուզող հարցերը տալ, այդ թվում՝ տարբեր հարցերի քննարկման ժամանակ ԱԺ եկող բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների։ Մի խոսքով՝ խորհրդարանում տարբեր մակարդակի պաշտոնյաներին հասանելիությունը կարող է կտրուկ սահմանփակվել: 

Ալեն Սիմոնյանը ոչ հաստատում է սրա հավանականությունը, ոչ էլ՝ հերքում, պատասխանը մեկն էր՝ կորոշենք, կիմանաք՝ ինչ է փոխվելու:

Թագուհի Թովմասյանի համար լրագրողներից խուսափելու փորձերն առավել քան անհասկանալի ու տարօրինակ են․ եթե պատգամավորն առաջնային մանդատ ունեցող հանրային պաշտոնյա է, ապա ինչո՞ւ եւ ի՞նչ պատճառով խուսափի լրագրողներից:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի վարկածը մեկն է․ իշխանականներն ամեն կերպ փորձում են խուսափել անցանկալի հարցերից ու հնարավոր հակափաստարկներից եւ ամեն ինչ անելու են լրագրողների ու լրատվամիջոցների բերանը փակելու համար, համոզված է՝ եթե հնարավորություն ունենային, անգամ կբանտարկեին լրագրողներին:

Թե երբվանից ուժի մեջ կմտնեն լրատվամիջոցների աշխատանքի ենթադրվող սահմանափակումները, դեռ հայտնի չէ, համենայն դեպս, ինչպես Ալեն Սիմոնյանը հայտնեց, օգոստոսի 2-ին գալիք խորհրդարանի առաջին նիստի աշխատանքները լրագրողները կկարողանան լուսաբանել այնպես, ինչպես այժմ: Հետոն ժամանակը ցույց կտա:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։