ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար սահմանել պատժաչափեր: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 72 կողմ ձայն:
Առաջարկվում է հանրային ծառայողին հայհոյելու կամ զրպարտելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից մինչև 500 հազար):
Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև 1 միլիոն դրամ):
Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-ից 3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
Դեռ առաջին ընթերցման ընթացքում անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հետաքրքրվեց, թե ինչպես է պետությունը պայքարելու այն երևույթի դեմ, երբ հանրության մի շարք ներկայացուցիչներ իշխանության հասցեինկիրառեն «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» արտահայտությունները: Հովսեփյանը հիշեցրեց նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի կիրառած «իդիոտկա» բառը` հետաքրքրվելով, թե այս դեպքերն արդյոք քրեականացվելո՞ւ են: Ըստ Հովսեփյանի` օրենքը ստեղծելու է սուբյեկտիվ գործոններ, լուրջ խնդիրներ են լինելու քաղաքական գործիչների համար: