կարևոր
616 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-30 15:16

Գրավյալ հայկական Շուշի քաղաքի համար ադրբեջանցիները մրցույթ են հայտարարել աշխարհի դիզայներների համար

Գրավյալ հայկական Շուշի քաղաքի համար ադրբեջանցիները մրցույթ են հայտարարել աշխարհի դիզայներների համար

Այս ամիսը հագեցած է եղել ադրբեջանցի գրաֆիկ դիզայներ և «Շուշան Ադրբեջանի մշակութային քաղաքն է» կարգախոսով պաստառների համաշխարհային մրցույթի կազմակերպիչ Թերլան Հաջի Շամիևի համար: Հաջի Շամիևի խոսքով` այս նախագիծը նպատակ ունի աշխարհին ճանաչելի դարձնել Շուշիի «մշակութային ժառանգությունը, ճարտարապետությունն ու խորհրդանիշը»: Հունիսից սկսած՝ 30 երկրներից շուրջ 150 գրաֆիկ դիզայներներ մասնակցության հայտ ներկայացրին` հույս ունենալով, որ իրենց աշխատանքները կընտրվեն և կցուցադրվեն Անկարայի Երաժշտության և գեղարվեստի համալսարանում առաջիկայում` օգոստոսի 2-ին:    

«Կրեատիվ Ադրբեջան» ծրագրի հովանավորը երկրի Մշակույթի նախարարությունն է, որը, ի թիվս այլ նախագծերի, նպատակ ունի խթանել ապրանքների և տեղական կրեատիվ ծառայությունների արտադրությունը, տարածումն ու արտահանումը: Ժյուրիի կազմում ընդգրկված են տարբեր ազգությամբ գրեթե 20 արվեստագետներ: Նրանք արդեն ընտրել են 108 դիզայներական աշխատանքներ, որոնք համապատասխանում են առաջարկվող կարգախոսին.

«Ադրբեջանական մշակույթի բնօրրան Շուշա քաղաքի անունը Ադրբեջանի պատմության մեջ գրված է ոսկե տառերով, այն առանձնանում է իր ազգային ճարտարապետական ոճով, ծնունդ է տվել մեր արվեստի մեջ պատմական դեմքերի և համարվում է մուղամի օրրանը», - նշվում է մրցույթի բնաբանում: 

Թեմային առավել մոտ գտնվելու նպատակով` մասնակիցներին տրամադրվել են տարածաշրջանին վերաբերող որոշակի աշխարհագրական, պատմական և մշակութային հղումներ: Դրանցից մեկը կովկասյան բոռակիր անունով ծաղիկն էր, որը ներկայացվել է այս մրցույթի գովազդային պատկերներում, և որը Ադրբեջանը համարում է «Ղարաբաղի ազգային ծաղիկ»: Մյուսը Ջիդիրի դաշտն է (Ջդրդուզ), որտեղ, ըստ ադրբեջանցի ժողովրդի, Շուշայի երիտասարդները ձիարշավներ էին իրականացնում:

Աշխարհի բոլոր գրաֆիկ դիզայներները դրական արձագանքեցին Թերլան Հաջի Շամիևի հրավերին և սրեցին իրենց մատիտները` լավագույն վիզուալ արդյունքները ստանալու համար: Թվային կտավների վրա արտացոլված էին պատկերների և խորհրդանիշների, մզկիթների, ադրբեջանական դրոշների և ադրբեջանական երաժշտության տարրերի քրոմատիկ համադրություններ: 

Այս մրցույթի մասնակիցներից մի քանիսը լատինամերիկյան երկրներից են: «Դիարիո Արմենիան» հարցազրույց է վերցրել նրանցից` լսելու գեղագիտական բարձրակարգ դիզայներական գործեր ստեղծողների կարծիքները:

Կուբայից 23-ամյա երիտասարդ կին դիզայները նշեց, որ հրավերը իր գործընկերների շրջանում շատ արագ է տարածվել: «Ես ընդհանուր պատկերացում ունեի Ադրբեջանի մասին, ինչը չի կարելի ասել Շուշա քաղաքի մասին: Իսկական բացահայտում էր, հիրավի, երկրի մշակութային կարևոր կենտրոն է», - ընդգծեց երիտասարդը` խոստովանելով, որ ստիպված է եղել ուսումնասիրել տարածաշրջանի խորհրդանիշները, ճարտարապետությունն ու երաժշտությունը: Նրա աշխատանքն ուղղված էր մզկիթի աշտարակներիի և դռների ձևի պատկերմանը: «Ես ուզում էի, որպեսզի պաստառը դառնա քաղաքը և նրա շենքերն ու խորհրդանիշները մուտք գործելու հրավեր»: 

Մեքսիկայի Ուեխոցինգո փոքրիկ շրջանից 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող մի դիզայներ գրաֆիկական լուծման հասնելու համար սկսեց թեմայի շուրջ ուսումնասիրություններ կատարել: Իբրև վերջաբան` բացականչեց. «Սա հիանալի վայր է», -  և հենց այնտեղ էլ գտավ իր ներշնչանքը: 

Մեքսիկական տարածքից փոքր-ինչ հյուսիս՝ Դուրանգո քաղաքից մի դիզայներ, որը համալսարանի դասախոս է և կինեման, նույնպես մասնակցության հրավեր ստացավ: Նրա կարծիքով, տեղական թեմաներին առնչվող այսօրինակ մրցույթները «թույլ են տալիս մոտիկից շփվել և ճանաչել չափազանց բազմազան, գուցե նաև մեր սեփական կենսակերպից շատ հեռու մշակույթներ, այնպես որ դրանք ոչ միայն ստեղծագործական, այլև սովորելու և հասկանալու արար են ենթադրում»: Նա նշեց, որ փորձել է հասկանալ ադրբեջանական մշակույթի նշանակությունը. լսել է նրանց երաժշտությունը, կարդացել պատմությունը, անդրադարձել է նրանց արվեստին, խոհանոցին և ճարտարապետությանը: «Հատկապես Շուշայի համար պաստառ պատրաստելիս ես հիացած էի տարածաշրջանի երաժշտությամբ և մշակութային ու պատմական նշանակությամբ, ինձ հատկապես հիացրեց Թառի ձևն ու ձայնը, որոնք, ըստ իս, չափազանց գրավիչ են (...), իսկ պաստառին վերջնական լուծում տալու համար ես ավելացրի Ղարի-բուլբուլ ծաղկի պատկերը, որը, ինչպես հասկացա, աճում է միայն այդ տարածաշրջանում», - մեկնաբանեց նկարիչը: 

Բոլիվիայի մասնակիցը մրցույթի մասին տեղեկացել էր սոցիալական ցանցերից և առանց վարանելու ուղարկել էր իր աշխատանքը: «Տեղյակ չէի մրցույթի թեմայից, սակայն տուրիստական քաղաքների թեմատիկ դիզայնի առումով նմանատիպ բաներ շատ կան», - հավաստիացրեց նա: Այդպիսով, դիզայնի տարրեր ստեղծելու համար, այդօրինակ հուշարձանների, բույսերի և խորհրդանիշների վիզուալ որոնում էր սկսել: Նրա աշխատանքներում գերակշռում են մզկիթների ճարտարապետական ձևերը և կրում են «Ադրբեջանի մշակութային գանձեր» խորագիրը: 

Հին մայրցամաքում իսպանացի նկարազարդող և գրաֆիկ դիզայները նույնպես դրական է արձագանքել հրավերին: Նա համոզված է, որ այսպիսի հրավերները աշխարհը «ավելի փոքր, ավելի հասկանալի և հատկապես ավելի մարդկային» են դարձնում: Այս դեպքում նա որոշեց պատկերել կամարաձև դռներ և պատուհաններ, որպես մի կտոր, դրանով իսկ պատկերելով Շուշա բառը: Լատինատառ «S մեծատառը պաստառի ամենաակնառու բաղադրիչն է, երկու մուտքերը կամ պատուհանները, որոնք դուրս են գալիս հակառակ կողմերից, միանալով, կազմում են Շուշա քաղաքի անվանումը», - բացատրեց նա: Նկարչի խոսքով, մշակույթն առավել կարևորություն է ձեռք բերում այսպիսի քաղաքներում. «վայրեր, որոնք, գտնվելով երկու աշխարհների մեջտեղում, հարստանում են միախառնված գիտելիքներով: Բայց նաև, գտնվելով միևնույն կետում, ավելի շատ ցավ և կոնֆլիկտներ են ունենում: Մենք` մարդիկս, պետք է գիտակցենք, որ այս վայրերում, միասնության այս կետերում ենք բոլորս աճում»: 

Թեև պատկերների մեծ մասում գերակշռում էին իսլամական հավատքի ճարտարապետական տարրեր, որոշ գործերում երևում էր նաև Սուրբ Ղազանչեցոց հայկական եկեղեցին: Լեհ դիզայներն այն պատկերել էր մզկիթի կողքին: «Շուշան մեծ ավանդույթներ ունեցող քաղաք է: Այն համադրում է բազում ազդեցություններ, մշակույթներ, դավանանքներ», - հիմնավորեց նա: Հիմնվելով մասնակիցների մեկնաբանությունների վրա` այս թեմայի վերաբերյալ անհրաժեշտ էր նախնական ուսումնասիրություն կատարել. ոգեշնչվելուց զատ` անցնել գործի: Ահա սա էր մրցույթի գաղափարախոս Թերլան Հաջի Շամիևի լուռ մարտահրավերը, նրա, ով Արցախյան վերջին պատերազմի ժամանակ իր սոցիալական կայքերի էջերից մեկում տեղադրեց Ադրբեջանի դրոշով ձեռքի պատկերը, որը թելահան էր անում հայկական դրոշը: 

Ադրբեջանում մենք սովոր ենք լոբբիստական  մեծ գործունեության, այնուհանդերձ, որքան էլ նրա գործողությունները մասշտաբային լինեն, Ադրբեջանի թիվ մեկ խնդիրը մնում է հակահայկական տեսլական պարտադրելու նպատակը: Լոբբին շարունակում է մնալ լոբբի, թեև խնդիրը միշտ չէ, որ ենթադրում է ճնշում որոշակի խմբերի վրա` հետապնդելով պետական մարմինների տարբեր երկրներում: Մենք հովանավորողներից կամ  ֆուտբոլային թիմերից տեղափոխվել ենք դիզայնի մրցույթների, որոնց նպատակն է ցույց տալ իրականության ադրբեջանական կողմը: 

Մի աշխարհում, որտեղ համացանցը տեղեկատվության հիմնական աղբյուրն է, ակնկալվում է, որ այս մրցույթի մասնակիցները որոնման համակարգ կմտնեն «Շուշա, Ադրբեջան» հղումով: Գտնված արդյունքները հավանաբար կներկայացնեն քաղաքը որպես Ադրբեջանի ամբողջականության մաս, կնշեն, որ այն 1992 թվականին օկուպացվել է հայկական զորամիավորումների կողմից, և որ 1989 թվականին նրա բնակչության 98% -ը եղել է ադրբեջանցի:

Իսկ եթե փորձենք փնտրել «Շուշի՞»: Այս դեպքում լրիվ ուիշ կլինի. հիմնականում կհայտնվեն ոչ թե մզկիթների պատկերներ, այլ հայկական տաճարի և թերևս վերջինիս կործանման պատկերները Արցախյան վերջին պատերազմի ժամանակ: Այնուհանդերձ, մասնակիցներից և ոչ մեկը որևէ մեկնաբանություն չարեց ընդամենը 10 ամիս առաջ տեղի ունեցած պատերազմի մասին: Չհիշատակեց ոչ Հայաստանի, ոչ Արցախի մասին: Հետևաբար, որպես նախազգուշացում, այն իրավիճակներում, որտեղ Ադրբեջանը զբաղվում է իր լոբբինգով, ճիշտ կլինի հարցադրումներ անել և չտրվել հանձնվել Վիքիպեդիայի վրա հիմնված լոբբիին: Այս անգամ արվեստը օգտագործվել է որպես միջոց` կոծկելու Շուշիի հազարավոր փախստականներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները` փախչելով ռմբակոծություններից, ներկայումս Բաքվում գերի պահվող հարյուրավոր ռազմագերիներին, որոնց թվում կան նաև խաղաղ բնակիչներ և ադրբեջանական վանդալիզմն ընդդեմ հայկական մշակութային տարրերի: Իրապես հայկական մշակույթի տարրեր: Գոնե մի կետում մրցույթի կարգախոսը ճիշտ է. Շուշին մշակութային քաղաք է: Բայց Արցախի Շուշին:

* Այս հոդվածում մասնակիցների ինքնության գաղտնիությունը պաշտպանված է:

Բետի Արսլանյան, Diario Armenia- ի թղթակից