կարևոր
1273 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-30 14:13

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած` Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ՝ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում տուգանքով պատժել:

Առաջարկվում է հանրային ծառայողին հայհոյելու կամ զրպարտելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից մինչև 500 հազար):

Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև 1 միլիոն դրամ):

Նույն արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով (1-ից 3 միլիոն դրամ) կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:

Նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել էր, որ բաղկացած է երեք մասից, և միայն երրորդ կետով՝ որակյալ հանցակազմի առկայության պարագայում նախատեսվում է որպես պատժի միջոց կիրառել կալանքը, իսկ մյուս դեպքերում նախատեսվում է անձանց պատասխանատվության ենթարկել տուգանքի միջոցով:

Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ կառավարությունը կողմ է այս նախագծին:

Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը հետաքրքրվեց, թե ինչպես է պետությունը պայքարելու այն երևույթի դեմ, երբ հանրության մի շարք ներկայացուցիչներ իշխանության հասցեինկիրառեն «անհայրենիք», «հողատու», «կապիտուլյանտ» արտահայտությունները: Հովսեփյանը հիշեցրեց նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի կիրառած «իդիոտկա» բառը` հետաքրքրվելով, թե այս դեպքերն արդյոք քրեականացվելո՞ւ են: Ըստ Հովսեփյանի` օրենքը ստեղծելու է սուբյեկտիվ գործոններ, լուրջ խնդիրներ են լինելու քաղաքական գործիչների համար:

Նախագիծն առաջին ընթերցմամբ դրվեց քվեարկության և ընդունվեց 75 կողմ ձայնով: Նիստին չեն մասնակցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հաայստան» խմբակցությունների պատգամավորները: