Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր քննվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի և փաստաբան, նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանիհայցն ընդդեմ Գլխավոր դատախազության անգործության, որով պահանջվում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված պետական դավաճանության առերեւույթ հանցագործության հատկանիշներով:
Հակոբ Մարտիրոսյանը դատարանում ներկայացրել է փաստարկներ թե, ինչո՞ւ է պետք, որ քրեական գործ հարուցվի, սակայն փաստաբանի ձեւակերպմամբ, հանցագործության մասին ներկայացված հաղորդումը, չի քննվել առայսօր:
«Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո իմ ընտանիքի նկատմամբ իրականացվել է այնպիսի վերաբերմունք, որի արդյունքում տղայիս, որ քննիչ է աշխատում, ստիպել են ազատվի աշխատանքից, եւ այդ հարկադրանքի տակ նա աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Ինձ վաղուց է ծանոթ իշխանության նման գործողությունների ոճը: Իսկ ի՞նչն է ստիպել ինձ միանալու, խումբ կազմելու եւ պարոն Արծվիկ Մինասյանի հետ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու: Բավական է, որ այսօր որևէ անձի նկատմամբ այս ընտրությունների վերաբերյալ որևէ գործընթաց լինի, անմիջապես հարուցվում է քրեական գործ, իսկ այս դեպքում, երբ հայրենիքի ճակատագրի և 5000 զինվորի հետ է կապված, քրեական գործ չի հարուցվում»,- դատական նիստի ընթացքում ասաց նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ կոնկրետ փաստով պահանջ են դրել՝ պետական դավաճանություն, պաշտոնեական լիազորությունների անցում։
«32 էջից է բաղկացած հանցագործության մասին հաղորդումը, որ ներառում է 3 տասնյակից ավելի կոնկրետ փաստեր և այդ փաստերի վրա հիմնված համակարգային վերլուծություն, և այդ վերլուծությունը ցանկացած անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ հետևություն է բերում, որ մենք իսկապես գործ ունենք պետական դավաճանության հետ, որն արտահայտվել է մեր թշնամիներին օգնելուն ուղղված գործողություններով՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և բազմաթիվ այլ պետական պաշտոնյաների, ինչպես նաև պետական պաշտոնեական լիազորությունների անցում, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը հայտնվել են նման կորուստների, իսկ հաճախ նաև անդառնալի կորուստների առջև։ Այս ամենի համար պետք է պատասխան տան»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Հակոբ Մարտիրոսյանի և Արծվիկ Մինասյանի հայցի քննությունը՝ ընդդեմ գլխավոր դատախազության անգործությյան, որով պահանջվում է քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ պետական դավաճանության հատկանիշներով, կշարունակվի օգոստոսի 30-ին ժամը, 16։30-ին։