կարևոր
4267 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-29 21:01

Հայ-ադրբեջանական ամբողջ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

  
Թեւ նախօրեի սահմանային մարտերից հետո ռուսական կողմի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել, բայց իրադրությունը, Փաշինյանի գնահատմամբ, հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում: Վարչապետի պաշտոնակատարը, հղում անելով Մինսկի խմբի համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարությանը, կրկին հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի սկսել բանակցային գործընթացը համանախագահների հովանու ներքո: Իսկ Ադրբեջանը որեւէ կերպ այս առաջարկին չի արձագանքում, շինծու մեղադրանքներով էլ մեր գերիներին շարունակում են երկար տարիներիազատազրկման դատապարտել:

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանը հետեւողական գործողություններ է ձեռնարկում նաեւ վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման՝ առաջ քաշելով, Փաշինյանի ձեւակերպմամբ, ինչ-որ միջանցքի թեմա եւ մատնանշելով կոնկրետ երթուղիներ եւ ուղղություններ: Պնդում է՝ Հայաստանը միջանցքի թեմա չի քննարկել ու չի քննարկելու Բաքվի հետ:

Սյունիքի եւ Գեղարքունիքի տարածք ներխուժած արդբեջանական զորքերի դուրսբերման եւ իրավիճակի կայունացման հարցում Փաշինյանը նորից կրկնում է իր արդեն իսկ բազմիցս հնչեցրած առաջարկը՝ Սոթք-Խոզնավար հատվածում հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հետքաշում, սահմանային գծի երկայնքով Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի հենակետերի տեղադրում եւ սահմանային գծի մոնիթորինգ, ապա սահամանազատման աշխատանքների մեկնարկ:

Մոսկվայից դեռեւս չեն արձագանքում: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի առաջարկը Կրեմլը չի մեկնաբանում: Ի դեպ. Սահմանային իրավիճակի վերաբերյալ ինչպես նախորդ, այնպես էլ այս ելույթն ամբողջությամբ գրի էր առնված, թեեւ շատ են եղել դեպքեր, երբ Փաշինյանը այս կամ այն խնդրի վերաբերյալ սկսել է խոսել առանց նախապես գրառված տեքստի:
 

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։