կարևոր
88 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-29 19:00

Առուշանյանի կալանքի տակ մնալը ուղղակի օրինական չի կարող համարվել․ փաստաբան

Առուշանյանի կալանքի տակ մնալը ուղղակի օրինական չի կարող համարվել․ փաստաբան

Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանի գործով այսօր հայտարարվելու է նախաքննության ավարտ: Առուշանյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննիչի կողմից հրավիրվել է ԱԱԾ, որպեսզի տեղեկացվեն քրեական գործի նախաքննության ավարտի մասին:

«Մենք այն կարծիքին ենք, որ այս պահի դրությամբ, երբ նախաքննության ավարտ է հայտարարվելու, քննությանը խոչընդոտելու հիմքը, որը նախկինում թե՛ վարույթն իրականացնող մարմինն էր պնդում, որ առկա է, թե՛ առաջին  ատյանի դատարանը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշում կայացնելու ժամանակ, մենք գտնում ենք, որ այս հիմքը ոչ միայն այն ժամանակ գոյություն չուներ, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք, այլև, եթե պայմանականորեն ընդունենք, որ այդ հիմքն ի սկզբանե գոյություն ունեցել է, ապա այս պահի դրությամբ նախաքննության ավարտից հետո այդ հիմքն առհասարակ այլևս գոյություն ունենալ չի կարող:

Մենք գիտենք, որ քննության սկզբնական փուլը ավարտվելուց հետո, այսինքն, երբ որ բոլոր ապացույցները հավաքվում են, բոլոր ստուգումները կատարվում են, բոլոր ապացույցներին գնահատական է տրվում, բոլոր այն մտավախությունները, որոնք նախկինում ունեցել է վարույթն իրականացնող մարմինը, դրանք իսպառ վերանում են կամ գոնե էապես նվազում են: Հիմա մենք այստեղ գործ ունենք եթե ոչ հիմքի իսպառ բացակայության մասին՝ քննությանը խոչընդոտելու տեսանկյունից, գոնե նվազման առումով միանշանակ կարող ենք խոսել: Հետևաբար՝ պարոն Առուշանյանի այս պահի դրությամբ կալանքի տակ մնալը ուղղակի օրինական չի կարող համարվել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ունի ողջամիտ ենթադրություն, որ Վերաքննիչ դատարանը Առուշանյանի նկատմամբ կկայացնի նույն որոշումը, ինչ կայացրել էր երկու օր առաջ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ, այլ կերպ ասած՝ կալանավորումը կթողնի ուժի մեջ: Ողջամիտ ենթադրության հիմքը ԱԱԾ կողմից որոշ ժամանակ առաջ Վերաքննիչ դատարանի համակարգիչների առգրավումն է, ինչի արդյունքում գործերը դատարանի դատավորներին մակագրվում են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ձեռքով:

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը»:

Հուլիսի 16-ին ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը։

Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Առուշանյանի պաշտպանները բողոքարկել են: Բողոքի քննությունը նշանակվել է օգոստոսի 2-ին: