17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Ռեկտորներին ներկայացվող պահանջներից հանվել է դոկտորի գիտական աստիճան եւ պրոֆեսորի կոչում ունենալու պահանջը: Այս որոշումը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում:
Ըստ որոշման՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորին ներկայացվող պահանջներից հանվել է նաեւ ժողովրդական արտիստի կամ վաստակավոր արտիստի, կամ արվեստի վաստակավոր գործչի, կամ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում ունենալու պահանջը:
Արդյունքում բոլոր ուսումնական հաստատությունների ռեկտորին ներկայացվող պահանջներում առկա է ցանկացած գիտական աստիճանի և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշներ ամրագրելու անհրաժեշտությամբ, որովհետեւ պետական մի քանի բուհերի կանոնադրություններում ռեկտորի ընտրության համար նախատեսված չեն դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչման պահանջներ, փոխարենը առկա է ուղղակի գիտական աստիճանի և աշխատանքային ստաժի պահանջ: Այդ համալսարաններն են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան:
Նման մոտեցում ամրագրված է վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում, որն այժմ վիճարկվում է Սահմանադրական դատարանում:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան:
Նշենք նաեւ, որ մամուլում լուրեր էին տարածվում, թե ԵՊՀ նոր ձեւավորված ժամանակավոր խորհուրդը մտադիր է ԵՊՀ ռեկտորի նոր պաշտոնակատար նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, որը, սակայն, չունի պրոֆեսորի կոչում: Կառավարության որոշումն այժմ արգելք չի սահմանի Հովհաննիսյանի հնարավոր նշանակման հետ կապված: