18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների՝ Արցախի օկուպացված տարածքներ ապօրինի այցի կապակցությամբ.
«Կրկին հայտարարում ենք, որ 2020 թ. սեպտեմբերին Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների ապօրինի օկուպացիան ամրագրելու Ադրբեջանի փորձերը անթույլատրելի են։ Միջազգային իրավունքի նորմերի խախտման ու զինված ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելուն միտված ցանկացած գործողություն պետք է խստորեն դատապարտվի:
Բաքվի՝ սեփական ապօրինի գործողությունները որպես ընդունելի նորմա ներկայացնելուն ուղղված քաղաքականության վառ օրինակներից է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցը Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաք:
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել Ադրբեջանի և այլ երկրների պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ այցերի անընդունելիությունը և սադրիչ բնույթը, քանի որ դրանք միջազգային իրավունքի կոպիտ խախտում են, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և նպատակ ունեն բացառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար նախապայմանների ստեղծման հնարավորությունը։
Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է. հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումն ու Արցախի կողմից միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը»։