12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին մեր 4 վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսի վիճակը բավարար է, մեկինը՝ միջին ծանրության: Այս մասին հայտնել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
Նրա խոսքով, մեկ վիրավոր առավոտյան 10.30-ին արդեն տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ. «Ներկա պահին ընթանում է վիրահատություն: Երկու վիրավոր գտնվում են դեպի կենտրոնական հոսպիտալ տեղափոխման ճանապարհին, մեկ վիրավոր բուժումը շարունակելու է կայազորային հոսպիտալում, նրա տեղափոխման խնդիր չկա:
Մտահոգում է ժամկետային զինծառայող Վաչագան Արտուշի Մարտիրոսյանի վիճակը, ում վիճակը բժիշկների կողմից գնահատված է ծայրահեղ ծանր: Նա երկու անգամ է վիրավորում ստացել. առաջին անգամ ազդրի շրջանում, երկրորդ անգամ՝ հակառակորդի կողմից կիրառված ականանետի պայթյունից դեմքի ու պարանոցի շրջանում վիրավորում է ստացել: Կայազորային հոսպիտալում անհրաժեշտ առաջին վիրաբուժական օգնությունը ցուցաբերվել է, վիճակը կայունացվել է եւ ռեանիմացիոն մեքենայի աջակցությամբ ներկայումս գտնվում է ճանապարհին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում: Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ ընթացել են տեղային մարտեր:
Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնեցին, որ ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արեւելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Այս պահին, նշված պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։
Ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմը 3 զոհ, 4 վիրավոր ունի։