կարևոր
319 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 16:42

Համաձայն փաստահավաք տվյալների՝ հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, դրանք տեղի են ունենում ՀՀ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Համաձայն փաստահավաք տվյալների՝ հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, դրանք տեղի են ունենում ՀՀ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը ՀՀ ՊՆ-ում Ռազմական կցորդներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքներով բնակիչների իրավունքների խախտումները։

Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հանդիպումը ՊՆ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը: Նա ներկայացրել է այսօր վաղ առավոտից Գեղարքունիքում ադրբեջանական զինված ուժերի հրահրած ինտենսիվ հրաձգությունների հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից իրավիճակը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարբերաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Արտյոմ Սեդրակյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական բնակիչները, սկսած ուշ գիշերից, Պաշտպանի աշխատակազմին ահազանգել են այն մասին, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ: Նաև արձանագրվել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական զինված անձինք կրակում են մարզի այլ գյուղերի ուղղությամբ նույնպես (Սոթք, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա և այլն):

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հայտնել է, որ համաձայն փաստահավաք տվյալների՝ հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, դրանք տեղի են ունենում ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: Ստացված փաստերը հաստատում են, որ ադրբեջանական կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ, ովքեր պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և վիրավորում ստացածների առողջությանը հասցված վնասի համար: