Անհետ կորած ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Նա վիրավոր է, վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարում են»,-հայտնել է մարզպետը։
Մյուս երեք վիրավորների առողջական վիճակը, ըստ Գնել Սանոսյանի՝ բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանք եւս ժամկետային զինծառայողներ են։
Մարզպետը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում, եռակողմ բանակցությունների արդյունքում, ժամը 10։40-ից հրադադար է հաստատվել, այս պահին կրակոցներ չկան ոչ մի ուղղությամբ սահմանագծի փոփոխություն տեղի չի ունեցել։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երեք զինծառայող վիրավոր է։
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել: