Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ hուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում անմահացել է զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։ Այս մասին հայտնում է Բերդի համայնքապետարանը։
«Դավիթը Բերդ համայնքի Չինչին գյուղից էր, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից:
Վշտակցում ենք Դավիթ Քոչարյանի ծնողներին, հարազատներին, համագյուղացիներին և բոլորիս՝ անդառնալի, չափազանց թանկ կորստի համար. անամոք վիշտը բոլորինս է:
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ, հավերժի՛ ճամփորդ:
Քո պայծառ անունը հավետ դաջված կլինի մեր սրտերում:
Խոնարհվում ենք»։
Չինչին վարչական շրջանի ղեկավար Կարեն Դարբինյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել է. «Դավիթը 19 տարեկան էր, 1 տարվա ծառայող։ Համալսարան էր ընդունվել, սակայն չէր հասցրել սովորել, ծառայության էր մեկնել։ Ծնողները Ռուսաստանում են, այսօր զինկոմիսարիատի հետ գնացել, տեղեկացրել ենք ընտանիքին, գյուղում հորական և մորական տատիկ-պապիկներն են ապրում»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը, ապա հավելեց, որ այս պահին Մարտունի են գնում՝ Դավիթի մարմինը գյուղ տեղափոխելու։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր է։