կարևոր
1213 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-28 09:45

Ստացվում է, սեղանին կա դրված փաստաթուղթ, և իր ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր հայտնի գործիքակազմին․ Տիգրան Աբրահամյան

Ստացվում է, սեղանին կա դրված փաստաթուղթ, և իր ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր հայտնի գործիքակազմին․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ՊՆ հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Մոսկվայում նախատեսված բանակցություններ են եղել, սակայն Ադրբեջանը դրանից առաջ հարձակումներ է սկսել սահմանի տարբեր հատվածներում: Այս մասին գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

««Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»,- նշված է ՊՆ ռելիզում։

Իրականում սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել:

Ստացվում է, որ բանակցությունների սեղանին կա դրված փաստաթուղթ և իր ցանկալի արդյունքին հասնելու համար Ադրբեջանը դիմել է իր հայտնի գործիքակազմին՝ սահմանային լարվածություն, սադրանքներ, լոկալ մարտեր և այլն:

Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում սահմանի տարբեր հատվածներում առկա իրադրությունը, ինչպես նաև՝ բանակցությունների առարկա փաթեթը, ենթադրելի է, որ ՀՀ զինված ուժերը սահմանի ուժեղացմանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ են իրականացրել և այս մարտերն ընդհանուր տրամաբանության մեջ սպասելի են եղել:

Դեռ չեմ խոսում հետախուզության, ռազմաքաղաքական իրադրության վերլուծության և իրավիճակի հետագա ընթացքը հուշող այլ գործոնների մասին:

Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին և դիտարկել երկրի անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման մասին»:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: