10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։ Ըստ նախնական տվյալների` կան մարդկային կորուստներ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ։
Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։
Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։
Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»: