Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Կարապետյանի հետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական աղբյուրներին։
Հաղորդվում է, որ Կարապետյանը Մոսկվա է ժամանել հուլիսի 27-ի առավոտյան։ Բանակցությունները կրում էին ոչ հրապարակային բնույթ, ուստի դրանց թեմատիկան ու մանրամասները դեռ անհայտ են մնում։ Նշվում է, որ նախօրեին կողմերը հեռախոսազրույց են ունեցել՝ նվիրված Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը:
Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին հրամանագիրը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է հուլիսի 20-ին: Նախկինում նա զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ ներկայումս կատարում է նաև պաշտպանական գերատեսչության ղեկավարի պարտականությունները։