կարևոր
1978 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-27 20:43

Իշխանությունը արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է ուզում ստեղծել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

  
Իշխանությունը որոշել է Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ թվում՝ արտախորհրդարանական ուժերի մասնակցությամբ:

Իշխանության այս որոշման մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ վարչության անդամ, Աժ ներկայիս փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց գալիք խորհդարանում իրենց խմբակցության Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: «Հայաստան» խմբակցությունից հիշեցնում են՝ արտախորհրդարանական ընդդիմությունը 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո բազմաթիվ անգամներ պահանջել է, որպեսզի պատերազմի հանգամանքները քննվեն ու մանրակրկիտ պատասխաններ տրվեն բազմաթիվ օդում կախված հարցերին՝ ինչպես հայկական կողմը պատրվեց, ինչու էր սպառազինության պլանը փոխվել, ինչպես թշնամին գրավեց շուշին եւ ոչ միայն:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ իշխանությունը հասկացավ, որ խորհրդարանական նոր ընդդիմությունը գնալու է քննիչ հանձնաժողով ձեւավորելու ճանապարհով, եւ ինքն առաջ անցավ՝ ցույց  տալու համար, թե իրենք էլ են ուզում որ ամեն բան բացահայտվի, բայց եթե ուզեր, մինչ այս էլ կարող էր անել:

Ալեն Սիմոնյանը հայտարարեց նաեւ, որ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի կազմը չպետք է սահմանափակվի Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններով, այլ պետք է ներկայացված լինեն նաեւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: Խոսքը, ամենայն հավանականությամբ, վերջին ընտրություններին մասնակցած եւ մեծամասամբ շատ փոքրաթիվ ձայներ ստացած այն կուսակցությունների մասին է, որոնց ներկայացուցիչների հետ արդեն 2 անգամ Նիկոլ Փաշինյանն է հանդիպել ու համագործակցության հեռանկարներ քննարկել: «Հայաստան» խմբակցության պատգամավորի համոզմամբ՝ այդ քաղաքական ուժերը գործող իշխանության արբանյակներն են ու նրա շահերը սպասարկելուն են միտված:

«Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ է համոզված, որ իշխանությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու քայլով փորձում է խորհրդարանական նոր ընդդիմությունից առաջ ընկնել ու պատերազմի հանգամանքները բացահայտելու հարցում կամք ունենալու պատրանք ստեղծել:

Հիմա հանձնաժողով ստեղծելը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հետպատերազմական շրջանում իշխանության վարած քաղաքականությամբ հարթությունում է դիտարկում՝ անել հնարավոր ամեն ինչ անպատասխան մնացած հարցերն իրենցից վանելու եւ պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու համար:

Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններում իշխանության այս որոշումը դեռեւս չեն քննարկել պաշտոնապես՝ որոշում չունեն՝ կմասնակցե՞ն հանձնաժողովի աշխատանքներին, թե՞ ոչ: Բայց եթե որոշեն մասնակցել, ապա ամեն ինչ փորձելու են անել, որ այս հանձաժողովը Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ճակատագիրը չունենա:
 

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։