12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Պատգամավոր Թագուհի Թովմասյանը նամակով դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավար–գլխավոր քարտուղար Առնալ Ավետիսյանին՝ պահանջելով պատասխանել իր այն տեղեկություններին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։
«Լրագրողի ազատությունը անհրաժեշտություն է, և ոչ երբեք՝ գլխացավանք
Սիրելի՛ հայրենակիցներ, զլմ-ների հարգելի՛ ներկայացուցիչներ, ինձ տեղեկություն հասավ այն մասին, որ խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում է կայացվել։ Խիստ անընդունելի եմ համարում լրագրողների նկատմամբ նման գործելաոճը:
Հատկապես երկրի օրենսդիր մարմնում, հանրային գործունեությամբ զբաղվող պատգամավորների հետ աշխատանքը զգալի դերակատարություն ունի ժողովրդի կողմից ընտրված պաշտոնյաների հաշվետվողականության, պատգամավորական գործունեության հրապարակայնացման գործում։
Եվ պետք է արձանագրենք, որ այդքան կարևոր լրագրող-պատգամավոր ազատ, անսահմանափակ կապի խաթարումը խիստ բացասական հետևանքներ է ունենալու խորհրդարանական երկրի համար, որի օրենսդիր մարմնում լրագրողները ավանդաբար ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք և կարողացել օգտագործել այդ հնարավորությունը՝ հանրային շահերի պաշտպանության կարևոր գործում։
Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ արդեն դիմել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ խնդրելով տեղեկատվություն ստորև նշված հարցերի վերաբերյալ․
1. Արդյո՞ք խորհրդարանում լրագրողների տեղաշարժը սահմանափակելու որոշում կայացվել է, և ի՞նչ հիմնավորմամբ։
2. Ինչու՞ են լրագրողները գտնվելու հատուկ սենյակում, և ինչու՞ է սահմանափակվելու նրանց տեղաշարժը Ազգային ժողովում։
3. Ինչու՞ է սահմանափակվում լրագրող-պատգամավոր կապը։ Այդ կապն ավանդաբար եղել է ազատ, լրագրողները խորհրդարանում ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք, իսկ հիմա այդ կարևորագույն կապը խաթարվում է, և լրագրողների տեղաշարժը՝ սահմանափակվում։
4. Լրագրողների նկատմամբ այս տարբերակված մոտեցումը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում։
Հուսամ՝ պատասխանը շուտ կստանամ և կպարզենք՝ ինչու են լրագրողերի նկատմամբ սահմանափակումներ կիրառվում՝ խախտելով խորհրդարանի ձևավորման օրվանից գործող ավանդույթները»: