կարևոր
691 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-27 09:37

Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար․ այսօր լրանում է Լիզբոնի 5 հերոսների անձնազոհության 38-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Վաչե Տաղլյան, Սեդրակ Աճեմյան, Սիմոն Յահնիյան, Արա Քրջլյան, Սարգիս Աբրահամյան․ միշտ հիշենք այս անունները...

«Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:

Այսօր՝ հուլիսի 27-ին, լրանում է Լիզբոնի 5 հերոսների անձնազոհության 38-րդ տարելիցը

Ականատեսները պատմում են, որ զինված մարդիկ դեսպանատան մոտ երևացել են 10:30-ի սահմաններում՝ երկու Ford Escorts մակնիշի ավտոմեքենաներով՝ կարմիր և սպիտակ, որոնցից կարմիրը կայանվել է դրսում, իսկ սպիտակ մեքենան շարունակել է ուղին դեսպանության շենք տանող ճանապարհով։ Մեքենան կասկածներ է առաջացրել դեսպանատան անվտանգության աշխատակիցների մոտ, քանի որ նկատվել էր դեսպանատան շենքի դիմաց դրանից մեկ օր առաջ։

Գործողության նախորդ օրը վեճ էր բռնկվել մեքնայով ժամանած երկու տղամարդկանց և անվտանգության աշխատակիցների միջև։ Մեքենայով ժամանածները պնդել էին, որ եկել են մուտքի արտոնագիր ստանալու համար, սակայն երբ անվտանգության աշխատակիցները պահանջել էին ցույց տալ անձնագրերը, երիտասարդները հապճեպ հեռացել էին։

Այս միջադեպի պատճառով թուրքական դեսպանատունը Պորտուգալիայի իշխանություններից խնդրել էր ուժեղացնել դեսպանատան պաշտպանությունը, արդյունքում հարձակման օրը ևս մեկ ոստիկան էր ավելացել դեսպանատան շենքի արտաքին պահակակետում։

Աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սևեռելու նպատակով 1983 թ. հուլիսի 27-ին նրանք մտան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիզբոնի (Լիսաբոնի) թուրքական դեսպանատուն:

Երիտասարդները նախօրոք ծրագրել էին գրավել դեսպանատան շենքը, գերեվարել թուրք դեսպանին՝ այդ քայլով կարողանալով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության և Թուրքիայի կողմից այդ փաստի ժխտման վրա։ Սակայն հայ վրիժառուներին չի հաջողվում մտնել դեսպանատան շենք։ Շենք ներխուժելու փորձի ժամանակ սկսված փոխհրաձգության ժամանակ սպանվում է Սիմոն Յահնիյանը։

Ողջ մնացած 4 հայ երիտասարդները շտապում են դեսպանության շենքին հարակից դեսպանի նստավայր, ներխուժում շենք և գերեվարում շենքում գտնվող գործերի հավատարմատարի կնոջը և տղային։ Այն սենյակը, որտեղ պահվում էին գերիները, գրոհայինները շրջապատում են պայթուցիկներով։ Նրանք սպառնում էին պայթեցնել շենքը, եթե ոստիկանությունը փորձի գրոհել այն։

Շուրջ 170 հոգուց բաղկացած ոստիկանական ուժերը շրջափակում են շենքը։ Պորտուգալիայի կառավարությունը վարչապետ Մարիո Սուարեսի գլխավորությամբ գումարում է արտակարգ նիստ, որի ընթացքում որոշվում է առաջին անգամ օգտագործել նոր կազմավորված ոստիկանական էլիտար ջոկատը։

Նախքան հատուկ ջոկատայինների գրոհը սկսելը շենքում հրդեհ է բռնկվում։ Ապա լսվում են պայթյունի ձայներ։ Հայ վրիժառուները գերիներին բաց թողնելուց հետո պայթեցնում են իրենց։

Կատարվածի համար պատասխանատվությունը ստանձնեց Հայ Հեղափոխական Բանակը (ՀՀԲ)։

Դեսպանատան զինվորի հետ բախումի ընթացքում դռան շեմին ընկավ նրանցից մեկը՝ 21-ամյա Սիմոն Յահնիյանը (տարիքով ավագը), իսկ մյուս չորսին հաջողվեց մտնել դեսպանատուն և իրականացնել երկու պայթյուն: Դեպքից հետո դեսպանատնից դուրս բերվեցին հերոսների ածխացած դիակները։ 

«Լիզբոնի 5» տղաները իրենց անձնազոհ արարքով ապացուցեցին, որ իրենց նպատակը ամենևին էլ ահաբեկչությունը չէր, այլ նվիրաբերում հայոց արդարացի դատին: Երիտասարդ տարիքում այս գործողությունն իրականացրած տղաներն իրենց համարձակ քայլով համաշխարհային հանրությանը հիշեցրեցին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, և դրա բեռը նաև նրանց ուսերին է: 1983 թվականի այս գործողությունից հետո բազմաթիվ երկրներ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Այդ գործողությունը ինքնաբուխ խենթություն կամ պարզապես հինգ երիտասարդների ծրագիր չէր: Հայ հեղափոխական բանակի գործողությունը մաս էր կազմում Հայ Դատի պահանջատիրական պայքարին: Զինյալ պայքարին վերադառնալու որոշում կայացվեց, երբ բոլոր դիվանագիտական տարբերակներն արդեն սպառվել էին, սակայն այդպես էլ ոչ մի առաջընթաց չէր գրանցվել հայ ժողովրդի ձայնը լսելի դարձնելու գործում:

Տղաների մարմինները ամփոփվել են Բեյրութի հայկական գերեզմանատանը։

Հետաքրքիր փաստեր են գործողության և գործողության մասնակից հինգ հայ երիտասարդների մասին․

  • Գործողության մասնակիցներից որևէ մեկը երբևէ չէր եղել Հայրենիքում։ Ապրելով Լիբանանում՝ նարանք միայն լսել և ուսումնասիրել էին երկիրը, որտեղ երազում էին մի օր վերահաստատվել
  • Գործողության մասնակիցներից ամենատարեցները՝ Սիմոնը և Սարգիսը 21 տարեկան էին։ Արան՝ 20, Վաչեն և Սեդրակը՝ 19։
  • Լիսաբոնում Թուրքիայի դեսպանատունը ակտի օրը անսպասելի ավելացրել էր դեսպանատան տարածքը հսկող ոստիկանների թիվը։
  • Ոստիկանների բացած կրակից առաջինը զոհվում է Սիմոն Յահնիյանը, ով սիրում էր սրինգ նվագել և միշտ անբաժան էր իր սրինգից։ Այդ օրը, սակայն, սրինգը նրա մոտ չէր։
  • Հայ հեղափոխական բանակի գործողությունների թիրախը բացառապես Թուրք պաշտոնյաներն էին, այդ է պատճառը, որ Լիզբոնի գործողության մասնակիցները կրակ չեն բանցում պորտուգալացի ոստիկանների նկատմամբ։
  • Գործողությունից առաջ որոշված էր, որ այն լինելու էր ինքնազոհության ակտ, որ պետք էր կոտրեր Հայ դատը թաղող անտարբերության շղթաները։
  • Տղաները երկար ժամանակ պատրաստվել են գործողությանը․ մարզվել և քննարկել են բոլոր մանրամասները, սակայն նրանց ընկերներից և հարազատներից որևէ մեկը տեղյակի չի եղել և անգամ չի նկատել որևէ տարօրինակ հանգամանք։ Գործողության մեկնելու նախօրեին բոլորը ստել և տարբեր պատճառներ են ներկայացրել տանից հեռանալու համար։
  • Տան անդամների համար բոլորը միայն հրաժեշտի սակավախոս երկտողեր են թողել՝ հիմնականում շեշտելով, որ հեռանում են գործերով և կարիք չկա իրենց փնտրել որևէ տեղ։
  • Նախքան դեսպանության պայթեցնելը շենքը տղաները հայտարարություն են տարածել, որում ասվում էր․«Իմացեք` մենք ինչ ենք անում: Ազատասեր հայ երիտասարդները որոշել են անգործ չսպասել: Մենք ամեն ինչ կորցրել ենք և այդ պատճառով որոշել ենք օդ բարձրացնել այդ շենքն ու մնալ դրա տակ: Սա ինքնասպանություն ու խելագարություն չէ, այլ բարձրագույն նվիրատվություն ազատագրական պայքարին: Թող միջազգային հանրությունը մեզ արկածախնդիր անվանի կամ ահաբեկիչ ու դահիճ՝ ոչինչ: Մենք որոշել ենք ուժի դիմել, որովհետև թուրքական իշխանությունն ու այլ երկրներ, որոնք պաշտպանում են այդ իշխանությանը, ոտնահարում են հայ ժոովրդի իրավունքները: Հայ ժողովուրդը երկար է սպասել, որ միջազգային դատարանը գտնի հայկական հարցի լուծումը: Հայ ժողովրդի ինքնակողմնորոշման միակ ելքը զինված պայքարն է: Նախնիների ազատ և անկախ հայրենիքում ապրելն ու զարգանալը հայ ժողովրդի իրավունքն է»:
  • Տղաները թաղված են միասին՝ Բեյրությում՝ Բուրջ Համուդի Ազգային գերեզմանատանը։ Գերեզմանի հուշաքարին միացյալ Հայաստանի քարտեզն է, որից վեր են խոյանում հինգ դաշույններ։
  • Տղաների գերեզմանատունը ուխտատեղի է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հազարավոր հայերի համար։